Tert.am-ը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խմբի գլխավոր խնդիրն է պահպանել բանակցային պրոցեսը: Իրենց համար նշանակություն չունի՝ հակամարտության երե՞ք կողմեր կմասնակցեն, չո՞րս, թե՞ տասնչորս:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Նարեկ Գալստյանը: Նա նշեց, որ իրենց համար կարևորը բանակցային պրոցեսը պահելն է: «Այն, ինչ առաջարկում է հայկական կողմը, կարող է որոշակի լարվածություն մտցնել բանակցային պրոցեսը պահպանելու հարցում, որովհետև Ադրբեջանը չի համաձայնում փոփոխությանը և կարող է վտանգել Մինսկի խմբի ձևաչափին ու իրենք չկարողանան իրականացնել գործառույթը: ՄԽ հիմնական մտահոգությունը բանակցային պրոցեսը պահպանելն է: Եթե Ադրբեջանը համաձայնի բանակցային պրոցեսում Ստեփանակերտի մասնակցությանը, ՄԽ-ն մեծ սիրով մի աթոռ էլ կավելացնի բանակցային սեղանի շուրջ, դա իրենց համար խնդիր չէ»,- ասաց նա:

- Ադրբեջանի նախագահը կրկին անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան: Նա ասել է, որ պաշտոնական Բաքուն դեմ է ձևաչափի փոփոխությանը: Հայաստանը պե՞տք է շարունակի պնդել Արցախի մասնակցության հարցը, երբ Բաքուն շարունակաբար դեմ է արտահայտվում:

- Այո, միանշանակ, Հայաստանը պետք է շարունակի պնդել, որ Արցախը մասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին: Արցախը բանակցություններ վերադարձնելու օրակարգը պետք է մնա ուժի մեջ, մենք պետք է առաջնորդվենք մեր օրակարգով՝ անկախ նրանից, թե Ադրբեջանն ինչ կարծիք ունի: Իսկ քանի դեռ Ադրբեջանը չի փոխել իր որոշումը, չի համաձայնել Արցախի մասնակցությանը, Հայաստանը կարող է Բաքվի հետ երկխոսել Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունների մասին, չշոշափել Արցախին վերաբերող հարցերը՝ կլինեն դրանք տարածքների, թե կարգավիճակի մասին:

Մոտեցումը, որը վերագրել է Հայաստանի իշխանությունը, ճիշտ է, նման օրակարգ նախկինում պետք է ձևավորվեր: Որոշ իմաստով նախկին իշխանություններն անում էին դա, բայց այդ տարիներին պայմանավորվածությունը հետևյալն էր, որ երբ Բաքուն ու Երևանը կգան համաձայնության Մադրիդյան սկզբունքների, հիմնատարրերի շուրջ, Արցախը պետք է միանար ու իր վերջնական խոսքն ասեր: Իմ կարծիքով՝ դա անիմաստ էր, Ստեփանակերտը պետք է ի սկզբանե ներառված լիներ, ոչ թե կեսից միանար ու ենթադրենք՝ դեմ արտահայտվեր Հայաստանի ու Ադրբեջանի հնարավոր համաձայնություններին:

- Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ առաջիկա հանդիպումների մասին խոսելիս ասում էր, որ Հայաստանը բանակցային սեղանին դնելու է փաստեր, թե ինչու պետք է Արցախը մասնակցի բանակցություններին և լսելու է հակափաստարկներ: Ի՞նչ փաստեր պետք է ներկայացնի Հայաստանը, որ Ադրբեջանը կողմ արտահայտվի Ղարաբաղի մասնակցությանը:

- Իրավական տեսանկյունից Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն անխոցելի է: Այն, որ Արցախը բանակցության կողմ պետք է լինի, փաստագրված է դեռ 1994 թվականից: Խնդիրն այն է, որ Ադրբեջանի դիրքորոշումը պայմանավորված չէ իրավական հիմքերով: Նրանց համար սա քաղաքական թեմա է: Նրանք դեմ են, որովհետև այս փուլում Արցախի մասնակցությունը բանակցություններին իր հանրության կողմից կարող է դիտարկվել որպես նահանջ:

- Եթե ի սկզբանե պարզ էր, որ Ադրբեջանը դեմ է արտահայտվելու Արցախի մասնակցությանը, ապա ի՞նչ խնդիր է լուծում Հայաստանի օրակարգը:

- Ամեն ինչ պետք է անել բանակցային պրոցեսը պահպանելու համար: Ժամանակ շահել է պետք, և ժամանակը պետք է օգտագործել Հայաստանի հզորությունը մեծացնելու համար: Որքան ուժեղ լինենք, այնքան մեր հակառակորդներն ու գործընկերները հաշվի կառնեն մեր դիրքորոշումը: Պետք է պատրաստ լինել ամեն տեսակի փոփոխությունների: Ամեն դեպքում կրկնում եմ, որ իրավական տեսանկյունից Հայաստանի դիրքորոշումն անխոցելի է՝ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին: Ալիևն այս մասին լավ գիտի, նրա համար մեր կողմից բերված փաստարկներն ընդունելի չեն կարող լինել, որովհետև նա կկորցնի իր երկրում աջակցությունը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել