Կոման ուղեղի ամենաառեղծվածային վիճակներից մեկն է։ Անգամ բժիշկները չեն կարող վստահաբար ասել, թե կոմայի ժամանակ ինչ է տեղի ունենում հիվանդի հետ։ Զանգվածային մշակույթում միայն տարօրինակ դեպքերն են տարածվում, օրինակ, երբ մարդը, կոմայից արթնանալով, սկսում է անծանոթ, օտար լեզվով խոսել, սակայն միայն Եվրոպայում տարեկան 230 հազար մարդ ընկնում է կոմայի մեջ, և բժիշկների համար այս դեպքերի մեծ մասն իսկական պայքար է կյանքի և ուղեղի վերականգնման համար։

Ի՞նչ է կոման

Կոման, ըստ էության, գիտակցության կորուստ է, ինչպես նաև ներքին օրգանների աշխատանքի խախտում։ Կոմայի ժամանակ վատթարանում է շնչառությունը, դանդաղում է սրտխփոցը, անհետանում են ռեֆլեքսները։ Այս վիճակը վտանգավոր է կյանքի համար և կարող է մահվան պատճառ դառնալ։ Սակայն եթե մարդը ողջ է մնում, ապա կոման երկար չի տևում․ կա՛մ նա միանգամայն կազդուրվում է, կամ էլ հայտնվում վեգետատիվ վիճակի մեջ։ Մարդիկ սխալմամբ այն անվանում են «երկարատև կոմա», իսկ մասնագետները՝ «մոխրագույն զոնա»։

Վեգետատիվ վիճակում հիվանդի ֆիզիոլոգիական ցուցանիշները կարգավորվում են։ Այս վիճակում մարդիկ կարող են քնել և արթնանալ, բացել աչքերը, երբեմն արցունքներ են գնում, սակայն գիտակցությունը մասնակի կամ ամբողջությամբ բացակայում է։ Եվ այսպես մարդը կարող է ապրել տարիներ, երբեմն՝ նաև տասնամյակներ։

Հնարավո՞ր է որոշել կոմայի խորությունը

Այո՛, դեռևս 70-ական թվականներին գիտնականները ստեղծել էին հատուկ սանդղակ, որով կարողանում էին գնահատել կոմայի խորությունը։ Որպես չափորոշիչ համարվում էր շարժվելու կարողության առկայությունը կամ բացակայությունը և օրգանական համակարգի աշխատանքի որակը։ 3 բալ տրվում էր այն հիվանդներին, ովքեր արտաքին ազդակներին ընդհանրապես չէին արձագանքում։ 15 բալն առողջ մարդու սովորական վիճակն էր։

Սակայն ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ այս սանդղակը ոչ միշտ է արդյունավետ։ 90-ական թվականներին բժիշկներին առաջին անգամ հաջողվեց խոսել իր մարմնի մեջ փակված մարդու հետ։ Ուղեղի բորբոքումից հետո հիվանդը հայտնվել էր 3-5 բալանոց կոմայի մեջ։ Սակայն, ուշքի գալով, կինը պատմել է, որ կոմայում գտնվելու ընթացքում հասկացել է այն ամենը, ինչ տեղի է ունեցել իր շուրջը, լսել է բժիշկների քննարկումները և հիշել է, թե ով է ինքը։

Ինչպե՞ս են բժիշկները հասկանում, որ հիվանդն ուշքի է եկել

Միայն ֆիլմերում է, որ մարդը խորը շունչ է քաշում և միանգամից դուրս գալիս կոմայից։ Ցավոք սրտի, իրականում այս գործընթացը բավականին երկար է տևում։ Անգամ բժիշկները երբեմն չեն հասկանում, որ հիվանդն ուշքի է եկել։ Բժիշկները գիտակցության առկայությունը ստուգում են հատուկ թեստերի և սարքավորումների միջոցով։ Այդ սարքավորումների միջոցով հնարավոր է տեսնել՝ ուղեղը որոշակի ազդակների արձագանքո՞ւմ է, թե՞ ոչ։

Ե՞րբ է մարդը դուրս գալիս կոմայից

12 ամիս տևող կոմայից հետո գիտակցության գալու հավանականությունը գրեթե հավասարվում է զրոյի։ Մյուս կողմից սա ունի մի շարք հերքումներ։ 2012 թվականին 13 տարվա կոմայի մեջ գտնվող Սքոթ Ռութլին ենթարկվում է փորձաքննության։

Մեկ այլ հիվանդ վեգետատիվ վիճակում է եղել ավելի քան 15 տարի և այդ ամբողջ ընթացքում նրա գիտակցությունն ամբողջովին բացակայել է, սակայն ժամանակի ընթացքում բժիշկները նկատել են, որ նրա դեմքը փոխվում է, նա արցունքահոսում է և աստիճանաբար թեքում է գլուխը։ Այսպիսի դեպքեր շատ հազվադեպ են լինում, սակայն լինում են, այդ պատճառով ժամանակակից բժիշկների ամենագլխավոր խնդիրը ոչ թե հիվանդներին կոմայից հանելն է, այլ նրանց վերադարձնելը և գիտակցությունը վերականգնելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել