Ֆրանսիան անցյալ տարի վերստին առավել մեծ ժողովրդականություն վայելող երկիրն է դարձել օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում՝ ընդունելով շուրջ 90 մլն հյուրերի: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Ռուսաստանում և ԱՊՀ-ում Ֆրանսիայի զբոսաշրջության զարգացման գործակալության ներկայացուցչոթյան ղեկավար Ինեսա Կորոտկովան:

«Ֆրանսիան 2018 թվականին պահպանել է արտասահմանցի զբոսաշրջիկների համար թիվ մեկ ուղղության կոչումը: Նախնական գնահատումներով՝ երկիր ժամանած հյուրերի ընդհանուր թիվը կազմել է 90 միլիոն, ինչը 3 միլիոնով ավելի է, քան մեկ տարի առաջ»,- ասել է նա զբոսաշրջության հարցերի մասնագետների համար Մարսելում կազմակերպված Rendez-vous en France խոշորագույն ցուցահանդեսի ընթացքում:

Փորձագետը հավելել է, որ, չնայած տարվա վերջին խոշոր քաղաքներում «դեղին բաճկոնավորների» ակցիաների պատճառով օտարերկրացիների հոսքի որոշ նվազմանը, Ֆրանսիային, միևնույն է, հաջողվել է ավելացնել զբոսաշրջիկների հոսքը: «Ցույցերի պատճառով ամրագրումների թվի նվազումը փոխհատուցվել է առաջին կիսամյակում զբոսաշրջիկների թվի մեծ աճով»,- ընդգծել է Կորոտկովան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել