Panorama.am-ը գրում է.

Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով վարկերի  տոկոսներին՝ նշեց, որ քաղաքացիները շարունակում են բողոքել, որ, օրինակ, երբ վարկ են վերցնում,  այն առաջարկվում է 15 տոկոսով, տեղում պահանջում են որոշակի ծառայությունների վճարներ և իրականում ստացվում է 24 տոկոս:

«Այս խնդիրը համատարած է»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ խոսում են ֆինանսական միջոցների հասանելիության խնդրի մասին, ասում են, որ վարկի տոկոսները նվազում են, բայց քաղաքացիների հետ շփումից ստացվում է՝ ծառայությունների վճարների միջոցով  իրական տոկոսները չեն կարողանում արձանագրել:

Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե այս գործընթացը որքանո՞վ է օրինական և տրամաբանական:
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ասաց, որ խոսքն էֆեկտիվ տոկոսադրույքի մասին է, և ընդունվել է սպառողական վարկավորման մասին օրենք, որն ամբողջությամբ պաշտպանում է քաղաքացիների շահերը: Ըստ նրա՝  մինչև 10 միլիոնանոց  սպառողական վարկերի դեպքում ֆինանսական կառույցը պարտավոր է բոլոր տիպի վճարները ներառել տոկոսի մեջ և քաղաքացուն ներկայացնել ռեալ գումարը: 

ԿԲ նախագահը նշեց, որ նույն դրույքները ներառել են նաև հիպոթեկային օրենսդրության մեջ:
Վարչապետը հետաքրքրվեց՝ հնարավոր չէ՞ այդ ծախսերը ներառել տոկոսում և հայտարարությունն այդպես տալ, որպեսզի նաև կառավարությունը հստակ պատկերացում ունենա շուկայի մասին. «Մտավախությունն այն է, որ թվերն իրականությունը չեն արտացոլում, և կարող ենք սխալ եզրակացությունների գալ»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահեցրեց, որ հայտարարված տոկոսադրույքները բացարձակապես համապատասխանում են իրականությանը: «Ձեր ասած խնդիրը գուցե վերաբերում է մանր սպառողական վարկերին, կարծում եմ, որ շուկան կկարգավորի, բայց ԿԲ-ն էլ բավարար գործիքակազմ ունի, որ զսպի»,- ասաց նա:

Փոխվարչապետի խոսքով՝ 50 հազար կոմիսիոն վճարը տոկոսադրույքի վրա կարող է ազդել միայն 500 հազարանոց վարկերի դեպքում, իսկ խոշոր վարկերի դեպքում խնդիր չի լինում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել