Եվրոպացիներից առավոտյան ամենաուշն արթնանում են հույները՝ համաձայն SleepCycle բջջային հավելվածի հիման վրա կազմված ինտերակտիվ քարտեզի, տեղեկացնում է «Եվրոպուլսը»։

Իսկ աշխարհում արթնանալու ժամանակով հույները երկրորդն են. նրանք արթնանում են միջինը 08։18-ին, իսկ նրանցից ավելի ուշ արթնանում են միայն Սաուդյան Արաբիայի բնակիչները՝ 08։22-ին։

Եվրոպացիներից անկողնուց «դժվար են բաժանվում» նաև պորտուգալացիները (08։10) և իսպանացիները (07։55)։

Իսկ «արտույտներ» են Կենտրոնական Եվրոպայի բնակիչները. առաջինն արթնանում են սլովենները (07։03), հետո՝ սլովակները (07։05) և հունգարները՝ 07։10։

Եվրոպացիներից ամենաուշը քնում են նույնպես հույները՝ 00։52-ին։ Աշխարհում դա չորրորդ ցուցանիշն է. ավելի ուշ քնում են Իրանի (01։12), Հարավային Կորեայի, Թուրքիայի (01։01), ապա՝ Թայվանի (0։53) բնակիչները։

Եվրոպայում բոլորից շուտ քնում են դանիացիները՝ 23։26-ին։ Շվեդները քնում են 23։28-ին, իսկ բիտանացիները՝ 23։41-ին։

Եվրոպայի բնակիչների մեծ մասը քնում է կեսգիշերից հետո։ Հույներից բացի «բվերի» շարքում են նաև պորտուգալացիները (0.47) և իսպանացիները (0.34)։

Քարտեզը կազմվել է աշխարհի 60 երկրների, այդ թվում Ռուսաստանի, 920 հազար օգտատերերի տվյալների հիման վրա։ Ռուսները քնում են 0.35-ին և արթնանում 07.49-ին։

Ինչպես նշում են քարտեզի հեղինակները, ժամանակակից մարդը օրական քնում է միջինը 7,5 ժամ, ինչը մի փոքր քիչ է իդեալական քնի 8 ժամից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել