ՀՀ կառավարության որոշմամբ Վահագն Վերմիշյանը նշանակվեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ:

Գործադիրի նիստում Վերմիշյանը նշեց, որ մասնագիտությամբ ճարտարապետ է, 1989 թվականին՝ երկրաշարժից հետո, աշխատել է որպես Ստեփանավան քաղաքի գլխավոր ճարտարապետ: 

«Այնուհետև աշխատանքային գործունեությունս շարունակել եմ ՌԴ-ում, Սուդանում, Չինաստանում, Դուբայում, Եվրոպայում, նախագծել և կառուցել եմ 5 մլն-ից ավելի կառույցներ, այդ թվում՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանը, մեծ օբյեկտներ, քաղաքներ՝ Սուդանում, Էրիթրիայում: 1,5 տարի է, ինչ վերադարձել եմ Հայաստան և որոշել եմ աշխատել իմ հայրենիքի համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Վերմիշյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Վերմիշյանին և մաղթեց հաջողություններ:

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից վերջերս ազատվել էր Ավետիք Էլոյանը և նշանակվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական: 

Վահագն Վերմիշյանի կենսագրությունը

Ծնվել է 1964 թվականի դեկտեմբերի 15-ին Հայկական ԽՍՀ Ստեփանավան քաղաքում։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական-շինարարական ֆակուլտետը։

Վերմիշյանի նախագծերից են. «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի առաջին և երկրորդ տերմինալների վերանորոգումը, Սոչիի ծովային նավահանգիստն իր մերձափնյա ինֆրաստրուկտուրայով, սպորտային բազմաֆունկցիոնալ համալիր Աստրախանում, Երևանի կրկեսը, առևտրի բազմաթիվ կենտրոններ։ Մասնակցել է ԱՄԷ-ում և Սուդանում քաղաքների նախագծերի մշակման աշխատանքներին։

·     1987 թ.՝ «Հայպետնախագծի» ճարտարապետ,

·     1989-1991 թթ.՝ Ստեփանավան քաղաքի գլխավոր ճարտարապետ,

·     1996-1995 թթ.՝  «Կարալլ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, Սանկտ Պետերբուրգ,

·     1996-2005 թթ.՝ «Պետրոսպեցստրոյ» ԲԲԸ գլխավոր տնօրեն,

·     2013-2014 թթ.՝ «Ավտոդորպրոեկտ» ընկերության գլխավոր տնօրեն,

·     2005-ից՝ «ՎԵԿ պրոեկտ» ԲԲԸ գլխավոր տնօրեն,

·     2014-ից՝ Օրյոլի մարզի գլխավոր ճարտարապետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել