2009թ.-ին Աստանայում (հիմա արդեն Նուրսուլթան) ղազախ գործընկերներիցս մեկը հարցրեց. «Когда ваши осели?»: Անկեղծ ասած՝ անակնկալի եկա, երբեք չէի մտածել այդ մասին: Պատասխանեցի, որ մեր պատմությունը սկսվում է Հայկի և Բելի ժամանակներից՝ մոտ 5000 տարի առաջ, և այդ ժամանակներից նստակյաց ենք եղել: Նույն հարցն իրեն տվեցի: Ասաց, որ ղազախներին ստիպել են նստակյաց դառնալ բոլշևիկները 20-րդ դարի 30-ական թվականներին: Իրականում մենք տարբեր ենք և տարբեր պատմական փուլեր ենք անցել՝ սկսած քաղաքակրթական տարբերություններից, վերջացրած պատմության ընթացքում ունեցած պետականաշինության փորձով:

Անշուշտ, բարդ է կանխագուշակել, թե ինչո՞վ կավարտվի իշխանության տրանսֆորմացիան Ղազախստանում: Բայց որևէ արտառոց բան չկա, որ ղազախներն իրենց մայրաքաղաքը Նազարբաևի անունով են կոչում, փողոցներ անվանակոչում: Իսկ ո՞վ է ասել, որ պատմական մասշտաբների բացառիկ ծառայությունների մատուցման տեսանկյունից ղազախների համար Նազարբաևն ավելի պակաս մեկն է, քան, ասենք, Պետրոս Մեծը ռուսների կամ Ջորջ Վաշինգտոնն ամերիկացիների համար: Ժամանակակից Ղազախստանը ղազախների պատմության ընթացքում առաջին պետությունն է: Մենք էլ որ նոր էինք պետություն ստեղծում, նման բաներ հաճախ էինք անում, օրինակ՝ Արտաշես արքայի պատվին Արտաշատ կամ Տիգրանի Մեծի պատվին Տիգրանակերտ մայրաքաղաքներ էինք հիմնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել