Armenpress.am-ը գրում է.

Հայ-ադրբեջանական սահմանը հատած ու հակառակորդի մոտ հայտնված Կարեն Ղազարյանի հայրենիք վերադարձնելու հետ կապված շարունակվում են աշխատանքներ իրականացվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Մենք հետևողական ենք և ձեռնարկելու ենք բոլոր քայլերը, որպեսզի ապահովենք մեր քաղաքացու մարդու իրավունքները և ազատությունը, ինչպես նաև վերադարձը հայրենիք: Այս առումով քայլեր ձեռնարկվում են, բայց որևէ բան չեմ կարող ասել: Երբ դրանք արդեն մտնեն հրապարակային փուլ, մենք տեղյակ կպահենք»,-ասաց նա:

2018 թվականի հուլիսին ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին: ՀՀ ոստիկանությունը հայտնել էր, որ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է: «Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում»,-պարզաբանել էր նաև ոստիկանությունը: Դեպքի հետ կապված 2018թ. հուլիսին ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել էր, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-ում։ ԿԽՄԿ Երևանյան գրասենյակը զգուշացված էր Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների վերաբերյալ: Այն ժամանակ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն էլ նշել էր, որ հայ-ադրբեջանական սահմանը հատած ու հակառակորդի մոտ հայտնված Կարեն Ղազարյանը, որևէ առնչություն չունի բանակի հետ և հոգեկան խնդիրներ ունի: Կարեն Ղազարյանն Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Դատական նիստը տեղի է ունեցել փետրվարի 27-ին: Ադրբեջանում ՀՀ քաղաքացու նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել այդ երկրի Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ սպանություն, ահաբեկչություն, հասարակական կարգի խախտում և այլն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել