Tert.am-ը գրում է.

Գազավորված ըմպելիքներ արտադրողներն այսօր հանդիպել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ֆինանսների, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարների հետ՝ քննարկելու Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները, որոնց դեմ տնտեսվարողները բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության դիմաց:

«Հայ կոլայի» տնօրեն Տիգրան Հովսեփյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ հանդիպումն անցել է կառուցողական: «Պարոն փոխվարչապետը շատ կոնստրուկտիվ էր վերաբերվում մեր մտահոգություններին: Ես թուղթ ու գրիչով բացատրեցի, որ իրականում այս օրենքի կիրառումից հայտնվելու ենք փակման եզրին, և արդյունքում մեր բոլոր աշխատողները դառնալու են գործազուրկ: 
Ես գոհ եմ այդ հանդիպումից, որովհետև զգացի փոխըմբռնում, քանի որ բանիմաց մարդու տպավորություն թողեց պարոն Գրիգորյանը, և ինչպես հասկացա, այդ հարցը պետք է լուծվի՝ ի շահ փոքր և միջին բիզնեսի և ոչ թե ի շահ օլիգարխիայի»,-ասաց նա:

Նա նշեց, որ թեև կոնկրետ թվային ցուցանիշների հետ կապված խոստումներ չեն եղել, սակայն խոստացել են, որ Հարկային օրենսգիրքը այս խմբագրությամբ Ազգային ժողով չի գնա: 
Տիգրան Հովսեփյանը նշեց, որ սպասելու են Մհեր Գրիգորյանի արձագանքին, ով խոստացել է մոտակա ժամանակ զանգահարել, նորից հրավիրել քննարկման և հայտնել, թե վերջնական որ տարբերակն են իրենք որոշել: «Ես, ինչպես հասկացա, մեր հանդիպումից հետո նրանք նորից կքննարկեն, թե որ տարբերակով տնտեսվարողները չեն տուժի, և բյուջեին լավ լինի: Ես կարծում եմ, որ կլինի կոմպրոմիսային միջին տարբերակ»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել