Այս շատ բան ասող և վառ գրառումն արել է Լաուրա Մազան, իսկ հրապարակել է Mom.me կայքը։

Առաջին հարցը, որ ես տվեցի երեխայիս ծնվելուց հետո. «Նա շնչու՞մ է, ամեն ինչ կարգի՞ն է»։

Ծննդաբերությունը 12 ժամ տևեց։ Այնպիսի տպավորություն էր, կարծես մի ամբողջ երկրագունդ ծննդաբերած լինեի։ Երբ փորձում էի վեր կենալ և ցավից լաց էի լինում, բուժքույրը մտավ իմ սենյակ և անտարբեր հարցրեց. «Պատրաստվո՞ւմ եք կրծքով կերակրել»։ Եվ փոքրիկ, չար պիրանյային սեղմեց իմ ոչինչ չկասկածող պտուկներին։

Պիրանյան քաշում էր ամբողջ ուժով, իսկ կրծքերս սարսափելի ցավում էին։ Բուժքույրը չնկատեց, որ ես լաց եմ լինում և ասաց, որ էլի կգա, որ օգնի ինձ, բայց այդպես էլ չեկավ։

Եկավ մանկաբույժը, հարյուրավոր հարցեր տվեց. բոլորը երեխայիս մասին էին։

Ինձնով հետաքրքրվում էին, քանի դեռ ես հղի էի, բայց երբ երեխան լքեց իմ մարմինը, ինձ այլևս ոչինչ չէին հարցնում։ Ես ինքս էլ ինձ ոչինչ չէի հարցնում։

Բայց եթե ամեն դեպքում ինձ հարցնեին, թե ես ոնց եմ, կիմանային, որ ցավում է։ Եթե ինձ հարցնեին, թե ոնց են գործերս, կիմանային, որ ես վախեցած եմ։ Եթե հարցնեին՝ ամեն բան ինձ հետ կարգի՞ն է, կիմանային, որ ոչ մի բան էլ կարգին չէ։

Հիմա ես նոր դեր ունեմ։ Ես մայր եմ։ Ես չպետք է վախենամ, չպետք է բողոքեմ, որ չեմ հասցնում։ Մարդիկ կասեն, որ բախտս բերել է, որ առողջ երեխա եմ ունեցել, և ես պետք է շնորհակալ լինեմ, որ ամեն բան լավ է անցել։ Ո՞վ կխոստովանի, որ երբ երեխան լաց է լինում, գլխիդ մեջ կարծես ասեղներ խրեն, կամ ո՞վ կխոստովանի, որ իրեն միայնակ է զգում։

Հիմա դուք ինձ լսում եք և ահա թե ինչ եմ ես ուզում ասել. ես պարզապես մարմին չեմ։ Ես ագրեգատ չեմ։ Ես մի ծեր կյանք չեմ, որից հրաժարվում են, հենց որ նորը ստեղծելու նպատակն իրականացրել եմ։ Ես պարզապես մայր չեմ, որը հետին պլանում անում է ամեն բան, ինչպես հարկն է։

Եվ դուք հանգիստ կարող եք հարցնել. «Դու լա՞վ ես», որովհետև, երբ դուք դա անում եք, ես զգում եմ, որ ես մարդ եմ։

Ինձ զգայական աջակցություն է պետք, ինձ համբույր է պետք, «բարի գիշեր» բառերն են պետք։

Բայց ես երեխաներ եմ ունեցել, և ինձ երբեք չեն հարցրել. «Ինչպե՞ս ես»։ Եվ ես ինքս եմ ձեռք բարձրացնում և ասում. «Ես լավ չեմ, ես դա չեմ կարող անել և ես ամաչում եմ»։ Մենք քիչ ենք մտածում մեր մասին, և դրա ապացույցն այն է, որ առաջին հարցը, որ մենք տալիս ենք ծննդաբերելուց հետո, հետևյալն է. «Նա լա՞վ է, ամեն բան կարգի՞ն է»։

«Բայց ես նաև պետք է հարցնեմ. «Ես լա՞վ եմ», որովհետև, եթե ինձ հետ ինչ-որ բան կարգին չլինի, ես չեմ կարողանա իմ մայրությունը անել։

Դրա համար էլ, որքան հնարավոր է, հաճախ հարցրեք ինձ. «Արդյո՞ք ամեն բան կարգին է»։ Միգուցե ես ասեմ, որ ամեն ինչ լավ է, իսկ միգուցե՝ ոչ։ Բայց մի դադարեք հարցնել, նույնիսկ այն ժամանակ, երբ երեխաներս արդեն վաղուց առանձնացել են»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել