168.am-ը գրում է.

«ՊԵԿ-ի համար 2018 թվականը հեշտ տարի չի եղել, եղել են աշխատանքում բազմաթիվ թերություններ, որոշ էական բացթողումներ, ունեցել ենք շատ բարդ քննարկումներ, և այս առումով ես կարող եմ ասել, որ 2019 թվականին ունենք բացարձակ այլ իրավիճակ»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան 168.am-ի հարցի մեկնաբանելով ՊԵԿ-ում ստեղծված իրավիճակը, եկամուտների հավաքագրումների դժվարություններն ու կատարողականի ապահովման բարդությունները:

Ըստ նրա՝ ՊԵԿ-ի աշխատանքի որակը, արդյունավետությունը և ցուցանիշները փոխվել են.

«ՊԵԿ-ի ղեկավարության հետ պայմանավորվածությունը եղել է հետևյալը, որ մենք պետական եկամուտների հավաքագրման առումով այս տարին շատ բարձր տրամադրությամբ ենք անցկացնելու և այդ բարձր տրամադրությունը չի լինելու բիզնեսի վատ տրամադրության հաշվին»:

Փաշինյանը նկատեց, որ ՊԵԿ մաքսային տեսուչը ստանում է 160 հազար դրամ աշխատավարձ, և դա խնդիր է.

«Միլիոնավոր դոլարների ապրանք բաց թողող պաշտոնյան ստանում է 160 հազար դրամ աշխատավարձ: Մենք չենք կարող ասել, որ դու պետք է ստանաս 160 հազար դրամ, այսինքն՝ կարող ենք ասել, բայց մեծ պրոբլեմներ կունենանք։ Ես մնում եմ այն կարծիքին, որ պետությունը պետք է բարձր որակի ծառայություն մատուցի, իսկ դրա համար պետք է աշխատեն բարձ որակավորում ունեցող մարդիկ:

Համակարգում բարձր որակավորում ունեցող մարդկանց բերելու կամ պահելու համար պետք է վարձատրության հետ կապված որոշակի լուծումներ ունենանք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել