168.am-ը գրում է.

Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության հ/կ  ղեկավար Արմեն Եսոյանը կարծում է, որ Օպերայի տարածքում ինքնակամ կամ առանց համապատասխան թույլտվությունների կառուցված սրճարանների ապամոնտաժումն իրավաչափ է, սակայն պետք է պետությունը փոխհատուցի սեփականատերերին, ինչպես նաև գտնի իրական մեղավորներին, այն պաշտոնյաներին, ովքեր թույլատրել են, որպեսզի այս կամ այն հանրային նշանակություն ունեցող տարածքում որևէ բան կառուցեն:

«Օպերայի տարածքում ինքնակամ կամ առանց համապատասխան թույլտվությունների կառուցված սրճարանների ապամոնտաժման համար կայացված որոշումը, կարծում եմ՝ իրավաչափ է, սակայն մեկ ուրիշ հարց կա, որը վերաբերում է գործարարների շահերին:

Այն գործարարները, ովքեր ինչ-որ կապիտալ ներդրումներ են կատարել՝ լինի վարկային կամ սեփական ռեսուրսներով, ակնկալում էին, որ իրենց համար կանխատեսելի որոշակի ժամանակահատվածում պետք է իրականացնեին տնտեսական գործունեություն, ստանային եկամուտներ, իսկ հիմա անկանխատեսելի իրավիճակներում, եթե տնտեսվարող սուբյեկտին ասում ենք, որ՝ ձեր գործունեությունն այլևս չի իրականացվելու, սա տնտեսվարող սուբյեկտների բիզնեսի կանխատեսելիության ոտնահարում է՝ ներդրումները հետ գնելու տեսանկյունից, ուստի կարծում եմ, որ մինչև ապամոնտաժելը կամ դրանից հետո պետք է քննարկեն տվյալ տնտեսվարող սուբյեկտներին փոխհատուցելու հարցը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արմեն Եսոյանը:

Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության հ/կ  ղեկավարը նկատում է՝ կա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ակտ, համաձայն որի՝ եթե նույնիսկ ինքնակամ, առանց համապատասխան պետական կամ համայնքային մարմինների թույլտվության իրականացված կառույց է, ու եթե պետությունը հանդուրժել է, իր պասիվ գործողությամբ կամ անգործությամբ թույլատրել է, որ նման կառույց լինի, ապա դա նույնպես սեփականության իրավունքի ձև է, ու անձին այդ իրավունքից զրկելը պետք է լինի փոխհատուցմամբ:

«Այդ փոխհատուցման գումարը ռեգրեսիվ հայցով պետք է բռնագանձեն այս ամենը թույլ տված պաշտոնատար անձնանցից:

Օրինակ, եթե նախկին քաղաքապետը թույլատրել է կամ անգործություն է ցուցաբերել Երևանի որևէ հատվածում ինքնակամ կառույցների դեպքում, ապա դա տնտեսվարող սուբյեկտների մեղքը չէ, դա եղել է ժամանակին տվյալ համայնքային մարմինների ինքնագործունեության հետևանքը:

Այսինքն, եթե ժամանակին պաշտոնատար անձինք այդ ամենը հանդուրժել են, քաղաքացիները մեղավոր չեն, հատկապես գործարարները, ովքեր 1 դրամ ներդրում են անում, ուզում են, որ որոշ ժամանակ անց դա դառնա 1.5»,- հավելեց Արմեն Եսոյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել