Armenpress.am-ը գրում է.

ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է նպաստների համակարգ առավել արդյունավետ դարձնելու հարցը: Մատենադարանում հրավիրված ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ օրերս նպաստների վերաբերյալ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած իր գրառմանը:

«Տարբեր տեղերից, քրեական գործերի հարուցման արդյունքում պարզվեց, որ անարդար կերպով սոցիալական նպաստներ են նշանակված եղել: Այդ հարցը ծագեց և բանկային տվյալների համադրությամբ խնդիրը բացահայտվեց: Թափանցիկության տրամաբանությունից ելնելով՝ աշխատանքային տեղեկատվությամբ կիսվեցի հանրության հետ: Եթե մարդը նպաստառու է ու ամիսը 1 մլն դրամ վարկ է փակում այդտեղ ակնհայտ է, որ ինչ-որ բան այն չէ: Կան տեսակետներ, որ այո, պետք է դնել ու այդ մարդկանց նպաստները կտրել, սակայն կան տեսակետներ, որ պետք է հասկանալ, թե ինչ իրավիճակ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ Ռանչպար գյուղ այցելելիս հանդիպել է մի ընտանիքի, որը նպաստ էր ստանում, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով ամիսը 150 թե 200 հազար դրամի վարկ էր մարում:

«Կոնկրետ այդ ընտանիքի օրինակով ես տեսա, որ կարող է սոցիալապես անապահովության չափանիշներին համապատասխանող ընտանիքն այդքան վարկ փակի: Բայց եթե մարդը Երևանի կենտրոնում բնակարան է գնել ու ամիսը 1 մլն դրամ վարկ է փակում, ինչ է, մենք պետք է շարունակե՞նք նրանց նպաստ տալ: Հետևաբար` մենք զբաղվում ենք այդ թեմայով, բայց դա չի նշանակում, որ փակ աչքերով բոլորին պետք է զրկենք, ընդհակառակը, ձգտում ենք համակարգը արդյունավետ դարձնել»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ գրառում էր կատարել այն մասին, որ Հայաստանում 11 հազար 281 նպաստառու ամեն ամիս 100 հազար եւ ավել դրամի չափով վարկ է փակում: «Ոմանք՝ ամիսը 100 հազար, ոմանք 400 հազար, ոմանք մեկ միլիոն դրամ: Հիշեցնեմ՝ խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր  պաշտոնապես  համարվում են աղքատ եւ 18-40 հազար դրամ են ստանում, որպես սոցիալական աջակցություն:  Այս ավելի քան 11 հազար մարդկանց նպաստ տալու համար պետությունը ծախսում է տարեկան մոտ 4.5 միլիարդ դրամ: Ասեմ, որ զինված ուժերում աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնելու համար տարեկան  հարկավոր է 9 միլիարդ դրամ:Հիմա՝ ի՞նչ եք ասում, սիրելի հայրենակիցներ, մեր վերը հիշատակված 11 հազար 281 հայրենակիցները պե՞տք է զրկվեն նպաստից, թե ոչ»,-նշել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել