Yerkir.am-ը գրում է․

Արցախի խորհրդարանում ընդգրկված բոլոր քաղաքական ուժերը խիստ քննադատաբար են արձագանքել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար Արցախը պետք է մանդատային տարածք դառնա՝ մասնավորապես Ռուսաստանի Դաշնության ներքո. տեղեկացնում է «Արցախպրեսը»:

Խորհրդարանական ամենամեծ՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը նշել է, որ տարիներ առաջ, երբ սկսվել էր Արցախյան շարժումը, 1988-89-ին՝ ԽՍՀՄ ԳԽ նախագահության ներկայացուցիչ Արկադի Վոլսկու գլխավորությամբ Արցախում ստեղծվել էր Հատուկ կառավարման կոմիտե, որը երկրամասը Մոսկվայի կողմից վերածել էր յուրօրինակ մանդատային տարածքի: Սակայն ժամանակը ցույց է տվել, որ դա չի կարող արդյունավետ լինել: «Այն ճանապարհը, որով անցել է Արցախի ժողովուրդը, պայքարի, անկախության հանրաքվեի և պետականաշինության, լիիրավ իրավունք է տալիս պնդելու, որ մեր ընտրած ուղին ճիշտ է, և քաղաքական առումով անընդունելի է մանդատային որևէ տարբերակի քննարկումը»,- մասնավորապես ասել է Ա. Թովմասյանը:

«Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանի խոսքով՝ ամեն մի ազգի համար ամենամեծ արժեքը նրա պետականությունն է, և պետք է ձգտել պայքարել, որպեսզի այդ պետականությունը լինի անսասան:

«Մեր բազմադարյա պատմության մեջ, երբ ունեցել ենք պետականություն, հնարավորություն է ստեղծվել, որպեսզի ազգային ինքնատիպ մշակույթը զարգանա, քաղաքական համակարգը կատարելագործվի, տնտեսությունը վերելք ապրի: Այս տեսանկյունից, կարծում եմ, որ այն հաղթանակները, որոնք կերտել ենք, միայն ու միայն սեփական ուժերի վրա հենվելու միջոցով են ստացվել: Արցախյան ազատագրական պայքարի հաջողությունը ևս դրանով էր պայմանավորված: Անհրաժեշտ է մատաղ սերնդին, և, ընդհանրապես, հանրությանը մշտապես ներկայացնել այդ գաղափարը»,- նշել է Վ. Բալայանը:

Ընդդիմադիր «Շարժում-88» խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղունցն էլ  առհասարակ ընդունելի չի համարում ցանկացած ձևի խաղաղապահ ուժերի ներկայությունը թե՛ Արցախի տարածքում, թե՛ սահմանին:
 
«Բազմաթիվ երկրների փորձը ցույց է տալիս, որ չի կարելի երկրի, ժողովրդի անվտանգությունը դնել խաղաղապահ ուժերի վրա: Մենք ապացուցել ենք, որ ինքներս ի վիճակի ենք ապահովել մեր երկրի անվտանգությունը, և հետագայում նույնպես անհրաժեշտ է ունենալ նման քաղաքականություն: Կարծում եմ՝ ցանկացած ոտնձգություն, որը սպառնում է թեկուզ և մեկ զինվորի, մեկ քաղաքացու կյանքին, պետք է ընդունենք որպես լուրջ մարտահրավեր, և այնպես անենք, որպեսզի ապահովվի մեր անվտանգությունը»,- ասել է Գ. Բաղունցը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել