Ռնգեղջյուրների մեջ ևս աստղերի կարելի է հանդիպել: Այդպիսին էր Կլարա անունով հնդկական էգ ռնգեղջյուրը: Իր կյանքի ընթացքում նա Եվրոպայի մի շարք քաղաքներում է եղել, ավելի շատ, քան ժամանակակից զբոսաշրջիկները: Ամենուր նրան զարմացած ու շնորհակալ հանդիսատես էր հանդիպում:

Նախկինում ռնգեղջյուրների գոյության մասին Եվրասիայի ու Աֆրիկայի բնակիչները տեղյակ էին միայն այն ճանապարհորդների պատմություններից, որոնք եղել էին արևելյան խորհրդավոր տարածքներում: Ռնգեղջյուրին Եվրոպայում ցանկանում էին ցուցադրել դեռ 1515 թ., և պորտուգալացիներին հաջողվեց կենդանուն Լիսաբոն հասցնել: Սակայն կենդանուն Հռոմ տեղափոխելիս, որպեսզի նրան պապը ևս տեսնի, նավը խորտակվեց փոթորկի պատճառով: Գերմանացի նկարիչ Ալբրեխտ Դյուրերը բազմաթիվ հանդիսատեսի պատմությունների ու նկարագրությունների հիման վրա փորձել է թղթի վրա պատկերել ռնգեղջյուրին: Հենց այդ նկարով էլ եվրոպացիները բավարարվել են հաջորդող հարյուրամյակների ընթացքում:

1515 թ. անհաջողությունից հետո ևս 3 անգամ փորձեցին Եվրասիա ու Աֆրիկա ռնգեղջյուրներ բերել, սակայն տարբեր պատճառներով այդ փորձերն անհաջողության մատնվեցին: Վերջապես 1741 թ. հուլիսին Կլարա անունով հնդկական ռնգեղջյուրը հասավ հոլանդական նավահանգստային քաղաք: Ով կմտածեր, որ, իր մեծ թաթով եվրոպական մայրցամաք ոտք դնելով, Կլարան կդառնա «ռնգեղջյուրամանիայի» պատճառ. չէ՞ որ դրան հաջորդող երկու հարյուրամյակի ընթացքում ռնգեղջյուրները պարզապես գրավեցին ողջ Եվրոպան:

Կլարան լույս աշխարհ էր եկել 1738 թ.: Նրա մորը սպանել էին որսի ժամանակ, իսկ փոքրիկ ռնգեղջյուրին՝ որպես հետաքրքիր ու յուրօրինակ «տնային կենդանու», տուն էր տարել հոլանդական Օսթ-հնդկական ընկերության տնօրենը, սակայն որոշ ժամանակ անց Կլարան դադարեց տեղավորվել տանը, և նրան վաճառեցին հոլանդական նավի կապիտան Վան դեր Մեերին:

Կենդանին երկար ճանապարհ կտրեց Հնդկաստանից մինչև Հոլանդիա և վերջապես ներկայացվեց Ռոտերդամի զարմացած հանրությանը: Տեսնելով, թե ինչպիսի հետաքրքրություն է առաջացնում հասարակության աչքերում կենդանին, Վան դեր Մեերը որոշեց վաճառել իր նավը և շրջագայություն կազմակերպել ռնգեղջյուրի հետ ողջ Եվրոպայում:

Ավելի քան երկու տոննա կշռող կենդանու տեղափոխումն այն ժամանակներում իսկական փորձություն էր: Կենդանուն անհրաժեշտ բոլոր միջոցներով ապահովելու համար նախկին կապիտանը 165 մարդուց բաղկացած թիմ էր վարձել:

Ինչպես արդեն հայտնի է, տարածաշրջանում չէր հաջողվել ցուցադրել նախկին ռնգեղջյուրներին: Նրանցից մեկը մահացել էր հիվանդությունից, մյուսին սպանել էին ճամփորդության հենց սկզբում՝ այն բանից հետո, երբ կենդանին տապալեց արքայական անձնակազմը: Վան դեր Մեերը հաշվի առավ նախկինների սխալները և ձեռնարկեց անվտանգության բոլոր միջոցները. Կլարայի կողքին մշտապես անասնաբույժ կար, նրան միայն թարմ սնունդ էին տալիս, երբեք ֆիզիկական բռնություն չէին գործադրում և տեղափոխում էին փակ վագոնով, որը տանում էին 8 ձիեր:

Կլարան շրջագայեց Հոլադիայում, Սրբազան հռոմեական կայսրությունում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Դանիայում, Չեխիայում և Անգլիայում: Ռնգեղջյուրը եղավ հարյուրավոր խոշոր ու մանր քաղաքներում՝ ամենուր աժիոտաժ առաջացնելով:

Երբ Կլարան հյուրընկալվում էր մի քաղաքում, կազմակերպիչներն էկզոտիկ կենդանու գալուստն ակտիվորեն գովազդում էին մյուս քաղաքներում: Ռնգեղջյուրին տեսնելու գալիս էին և՛ ունևորները, և՛ թշվառները:

Զարմանալի արարածն այնքան էր տպավորում մարդկանց, որ 18-րդ դարի արվեստում կարելի է նկատել յուրօրինակ «ռնգեղջյուրամանիա». Կլարան պատկերված է կտավներում, խորաքանդակներում, ֆրեսկոներում: Նրան հանդիպել հնարավոր էր նաև քանդակների տեսքով:

Ողջ ախարհին հայտնի դարձած ռնգեղջյուրը մահացավ ծերության մեջ՝ 1758 թ. ապրիլին, Լոնդոնում: Կլարան ապրեց երկար, երջանիկ ու, ամենայն հավանականությամբ, ամենահետաքրքիր «ռնգեղջյուրային կյանքը», որը երբևէ կարելի է պատկերացնել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել