«Հայաստանն առաջիկա ամիսների, իսկ գուցե մեկ-երկու տարիների ընթացքում չի ունենալու սոցիալական դժգոհության և բողոքի օջախների պակաս: Ինչպես տուրբուլենտության գոտում հայտնված օդանավերի ճոճը ամենևին կապ չունի անձնակազմի մասնագիտական կարողությունների հետ, այդպես էլ Հայաստանի «սոցիալական տուրբուլենտության» խնդիրը կախված չէ նոր իշխանության կառավարման որակների կամ կարողությունների հետ: «Սոցիալական տուրբուլենտության» հանգամանքը նախկին համակարգի և ինչ-որ առումով նաև նախկին «հասարակարգի» արատավոր էֆեկտն է:

Հայաստանում գործել է կոռուպցիոն «հասարակարգ», որտեղ բոլոր մակարդակներում և բոլոր ուղղություններով հանրային հարաբերությունների առանցքում եղել է կոռուպցիոն տրամաբանությունը, անգամ, երբ իրավիճակները համապատասխանել են օրենսդրությանը: Միևնույն է, օրենսդրությունը մշակվել և ընդունվել է՝ հաշվի առնելով հարաբերությունների կոռուպցիոն առանցքը, հարմարեցվել է այդ տրամաբանությանը: Երբ հասարակական հարաբերությունները դուրս են բերվում այդ տրամաբանությունից, ապա դրան համահունչ ստեղծված օրենսդրությունը կամ իրավապայմանագրային դաշտը բացվում է հակառակ կողմից, հենց կոռուպցիոն տրամաբանությամբ, որովհետև չկա այլևս այն դաշտը, որտեղ «ցանվել» է օրենքը: Դրանով առաջանում է տուրբուլենտության մեծ գոտի, և պարբերաբար առաջացող դժգոհության օջախները անխուսափելի են լինելու և դրանց ուժգնությունը կամ հաճախակիությունը կախված է լինելու տեղի ունեցող ռեֆորմների դինամիկայից: Որքան մեծ լինի դրանց ընդգրկումը, այնքան մեծանալու է ճոճի հավանականությունը:

Այստեղ է առաջանում անձնակազմի կառավարման խնդիրը, այսինքն` օդաչուների, տվյալ դեպքում պետական կառավարման համակարգի, իշխանության մասնագիտական կոմպետենտությունը: Օդանավի ճոճի համար նրանք չեն պատասխանատու, բայց օդաչուներն են պատասխանատու այն բանի համար, որ օդանավը հանգիստ և առանց աղետի անցնի մեծ կամ փոքր տուրբուլենտության գոտիները, դրանցում թույլ չտրվեն սխալներ, որոնք արդեն կբերեն մարդկային գործոնի հետևանքով առաջացող խնդիրների: Իսկ այստեղ արդեն «մասնագիտականը» ներառում է ոչ միայն զուտ ոլորտային կառավարումը, այլ նաև քաղաքական, քանի որ սոցիալական տուրբուլենտության այս գոտում բավականին մեծ են նաև անկման շահառուները, և եթե «օդաչուների» խնդիրն է կառավարել օդանավն այնպես, որ բարեհաջող անցնի տուրբուլենտությունը, ապա այդ շահառու խմբերի ակնառու նպատակն էլ այն է, որ «օդանավը» չանցնի այդ գոտին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել