Միացյալ Նահանգները Մեծ եղեռնից տուժածներին մեծ օգնություն է տրամադրել՝ լինի դա միջոցների հավաքագրում և ուղարկում, թե ազգային քարոզարշավի անցկացում, գումարի, սննդի տրամադրում և այլն: Նրանց կողմից ստեղծվեցին ապաստաններ, դպրոցներ ու հիվանդանոցներ, որտեղ բնակություն կարող էին հաստատել Արևելյան Միջերկրածովում ողջ մնացած հայերը, հույներն ու սիրիացիները:

Որբերի համար նման մի ապաստան ստեղծվեց նաև Ղազիրում, որը քաղաք է Լիբանանում ու գտնվում է Բեյրութից 32 կմ հեռավորության վրա: Փրկված երեխաները փորձել են իրենց երախտագիտությունը հայտնել Ամերիկային և դրա համար ավանդական ոճով հսկայական, մի ողջ սենյակի համար նախատեսված գորգ են գործել:

Շուրջ 1400 որբեր աշխատել են, որպեսզի հաջողությամբ ավարտին հասցնեն 3x5 մ չափեր ունեցող գորգի ստեղծումը, որն էլ 1925 թ. դեկտեմբերին նվիրեցին ԱՄՆ նախագահ  Քալվին Քուլիջին:

Գործված լինելով 4 404 206 ձեռքով արված հանգույցներից՝ «Հայ որբերի գորգի» վրա, ինչպես այն հետագայում սկսեցին անվանել, պատկերված են հարյուրավոր կենդանիներ ու բույսեր, որոնք, ամենայն հավանականությամբ, խորհրդանշում են Եդեմական այգին, որն էլ, համաձայն լեգենդների, գտնվել է հայերի պատմական տարածքում, որն այսօր Արևելյան Թուրքիայի տարածքում է:

Գորգը Քուլիջի և նրա ընտանիքի մոտ է գտնվել անգամ այն բանից հետո, երբ նա թողեց պաշտոնը: Գորգը, սակայն, Սպիտակ տուն է վերադարձվել 1982 թ.:

Հայ որբերի գորգն ուշադրության կենտրոնում հայտնվեց 2013-ի վերջում, երբ Վաշինգթոնի Սմիթսոնյան համալսարանում հենց դրա վերաբերյալ գրված գրքին նվիրված միջոցառման համար չհաջողվեց համոզել Սպիտակ տանը նկուղից հանել գորգը մի քանի ժամով:

Ամերիկայի հայ համայնքի ներկայացուցիչների ցույցը, որոնք ունեին նաև Կոնգրեսի 31 անդամների նամակ՝ ուղղված նախագահին, ազգային մասշտաբի նորություն դարձավ: Այս կապակցությամբ «JNS» լրատվականը գրել էր, որ ոչ միայն հայ համայնքը պիտի անհանգստանա Սպիտակ տան որոշման համար, այլև հրեա համայնքը, քանի որ եթե Սպիտակ տունը քաղաքական նկատառումներով հրաժարվում է տրամադրել գորգը, վտանգ կա, որ նման բան կարող է պատահել Հոլոքոստի հիշատակի հետ

Մինչ քննարկվում էր, որ գորգը պահվում է Թուրքիայի դիվանագիտական ճնշումների պատճառով, հենց Սպիտակ տունը հայտարարություն տարածեց, որ տեղին չէր ռիսկի դիմելը՝ մի քանի ժամով մասնավոր դեպքի համար նման մեծություն ունեցող օբյեկտը նկուղից դուրս հանելու համար:

Մի քանի ամիս անց հայտարարություններ տարածվեցին Սպիտակ տնից ու Կոնգրեսից, որ Ղազիրի գորգը, ամենայն հավանականությամբ, կցուցադրվի 2014-ի վերջին: Այսպիսով՝ Հայ որբերի գորգը Սպիտակ տան այցելուների համար ցուցադրության դրվեց 2014-ի նոյեմբերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել