168.am-ը գրում է.

168,am-ը դեռևս անցյալ շաբաթ տեղեկացրել էր, որ մինչ Օպերային թատրոնի հարակից տարածքի սրճարանների քանդման գործընթացն ավարտին կհասնի, քաղաքապետարանում՝ Հայկ Մարությանի հրահանգով, հաջորդ դժվարամարս գործողության սցենարն է մշակվում: Քաղաքապետարանի Իրավաբանական վարչությունում մասնագետները լծված են շինթույլտվությունների փաստաթղթերն ուսումնասիրելու գործին, իրավական հիմքեր են պատրաստվում՝ սկսելու մանսարդների քանդման աշխատանքները:

Այսօր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ քաղաքային իշխանությունը նախաձեռնել է մանսարդների կառուցում՝ չմանրամասնելով, սակայն, թե ինչ միջոցներով է պատկերացնում շինարարության իրականացումը, կամ արդյո՞ք խոսքը գնում է բացառապես նոր շինթույլտվություններ տալուն, որոնց միջոցով մայրաքաղաքի կենտրոնական փողոցների շենքերի մանսարդները պիտի հավասարեցվեն:

«Մենք մանսարդների կառուցում ենք նախաձեռնում, և դա պետք է լինի, այսպես կոչված, քաղաքի հինգերորդ ճակատը: Դրանով գեղեցկանում է քաղաքը, շենքը, մարդկանց համար էլ նոր բնակարաններ են ստեղծվում: Փարիզում շենքերի տանիքների հարցը հենց այսպես է լուծվել»,- 168.am հրապարակումն այսպես է պարզաբանել Հ. Մարությանը:

Քաղաքապետը մի անորոշ հայտարարություն ևս արել է այսօր՝ նշելով, որ մանսարդների կառուցման համար քաղաքային իշխանությունն անպայմանորեն հարցնելու է տվյալ շենքի բնակիչների կարծիքը, և, որ իրենք գործի են անցնելու՝ միայն նրանց ցանկության պարագայում:

«Մենք սկսելու ենք մանսարդները կառուցելու գործընթացը, եթե ողջ շենքի բնակիչները համաձայն լինեն դրա հետ»,- այսօր հավելել է քաղաքապետը:

Մինչ քաղաքապետարանը կներկայացնի այս գործողությունների համար նախատեսվող քայլերն ու ժամկետները և կպարզաբանի, թե ըստ էության ի՞նչ է ցանկացել ասել քաղաքապետն իր այսօրվա հարցազրույցում, հարկ ենք համարում ներկայացնել անդրկուլիսյան քննարկումներից որոշ դրվագներ, որոնք մանսարդների խնդրահարույց թեմայի շուրջ քաղաքապետարանում ծավալվող բանավեճն ավելի են թեժացրել վերջին շրջանում:

168.am-ի աղբյուրներին հայտնի դարձած տեղեկության համաձայն՝ մանսարդների կառուցման թղթաբանությունը փորփրելու գործը քաղաքապետարանում մի հանգրվանի է հասել, որ քաղաքապետարանի որոշ պաշտոնյաների միմյանց դեմ է դուրս բերել:

Թեժ քննարկումներում ծանրակշիռ կողմը, որ, թվում էր, պետք է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը լիներ, իրականում Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն է համարվում: Նա է իրականում նախաձեռնել մանսարդների թղթաբանության հիմքերը վերանայելու գործընթացը, ու նա էլ առաջ է մղում դրանցից ազատվելու կամ հատուկ պայմաններով դրանք լեգալ ճանաչելու ինչ-որ գործընթաց: Գործընթացի էության ու թաքնված նպատակների մասին 168.am-ը մանրամասներ կներկայացնի առաջիկա օրերին:

Նշենք միայն, որ ճարտարապետ Արթուր Մեսչյանն այս նախաձեռնության հակառակ մոտեցումն է պաշտպանում, նա հակված չէ շենքերի գագաթները նոր մակերեսներով հավելելուն՝ մանավանդ, որ շատ դեպքերում գործ ունեն շենքի ֆասադի կերպարն իրոք աղավաղած մի քանի դեպքերի հետ՝ դեպի առաջ եկող փակ պատշգամբով վեր խոյացող ձեղնահարկի ու առնվազն երկու հարկով ավելացված ձեղնահարկերի հետ:

Ի՞նչ հանգուցալուծում կստանան քաղաքապետարանում մանսարդների շուրջ ծավալվող ներքին խմորումները, հայտնի կդառնա շուտով, իսկ այսօրվա քաղաքապետի հայտարարությունը վկայում է այն մասին, որ Հայկ Մարությանի համար ծանրության կետն անցել է Վիկտոր Մնացականյանի կողմը: Իսկ դա նշանակում է, որ Նոր Հայաստանում էլ ճարտարապետի կարծիքն էական չէ, և, որ այս անգամ էլ գրագետ լուծումները կստորադասվեն փողին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել