Armenpress.am-ը գրում է.

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 18-ին ընդունել է Եվրամիության Արևելյան Հարևանության հարցերի տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած պատվիրակությանը, որում ընդգրկված էին միջազգային ֆինանսական կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին` Տիգրան Ավինյանն ասել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է ընձեռնում շարունակել Բրյուսել ՀՀ վարչապետի վերջերս կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների քննարկումը, մասնավորապես, անդրադառնալ էներգետիկ և այլ ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Լորուենս Մերեդիթը նշել է, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել տեղեկանալու, թե ինչ տեսլական ունի կառավարությունը էներգաարդյունավետության ոլորտում, և ուսումնասիրելու, թե ինչ աջակցություն կարող են ցուցաբերել  ԵՄ-ն և միջազգային ֆինանսական հաստատությունները:

Հանդիպման մասնակիցները համակարծիք էին, որ Հայաստանում էներգետիկ արդյունավետության բարձրացումը զգալի ներուժ ունի, և այս համատեքստում քննարկել են օրենսդրական դաշտի բարեփոխումներին, ինչպես նաև ներդրումներին և ֆինանսական միջոցներ ներգրավելուն վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել հանրային շինությունների ու բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության խնդիրներին: Մանրամասն քննարկվել են շինությունների էներգաարդյունավետությունը բարձրացնելու նպատակով ֆինանսավորման առավել արդյունավետ մոդելները, ներառյալ պետություն-մասնավոր գործընկերության կիրառումը:

Վերջում կողմերը համաձայնություն են ձեռք բերել շարունակել ակտիվ երկխոսությունը վերոնշյալ թեմաների շուրջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել