European Journal of Genetics պարբերականում հոդված է հրապարկվել, ըստ որի՝ հայերը գենետիկ ընդհանրություններ ունեն ոչ միայն Մերձավոր Արևելքի ու Կովկասի, այլև Եվրոպայի ժողովուրդների հետ:

«Գենետիկորեն մեկուսացված խմբերի ուսումնասիրումը թույլ է տալիս նոր հայացք գցել պատմությանը: Մերձավոր Արևելքի հրեաների ու քրիստոնյաների օրինակները ցույց են տալիս, որ տարածաշրջանի բնակչությունը Եվրոպայի հետ գենետիկորեն առավել ամուր կապի մեջ է եղել 2 հազար տարի առաջ, քան այսօր:

Այդ հոդվածում ուսումնասիրված են հայերը՝ ժողովուրդ, որն այսօր սահմանափակված է Կովկասով, սակայն նախկինում՝ մինչև XX դարի իրադարձությունները, զբաղեցրել է Արևելյան Թուրքիայից մինչև Միջերկրական ծով ընկած տարածքը: Հոդվածում նկարագրվում է հայերի գենոմի հետազոտությունը և այն համեմատվում է 78 այլ էթնիկ խմբերի գենոմի նմուշերի հետ:

Գենետիկ նմուշները վերցվել են Լիբանանի ու Հայաստանի հայերից: Լիբանանահայերը, ինչպես հայտնի է, Լիբանան են գնացել ու բնակություն հաստատել Արևելյան Թուրքիայից:

Ըստ գիտնականների տվյալների՝ հայերը հեշտ տարբերվող խումբ են, որոնք ընդհանրություններ ունեն եվրոպացիների, Մերձավոր Արևելքի ժողովուրդների ու կովկասցիների հետ: Եվրոպայում հայերն առավել մոտ են իսպանացիներին, իտալացիներին ու ռումինացիներին, Մերձավոր Արևելքում՝ լիբանանցիներին, հրեաներին, դրուզներին ու կիպրացիներին, իսկ Կովկասում՝ վրացիներին ու աբխազներին:

Գենետիկական քարտեզի վրա հայերի դիրքը հայելային արտացոլման մեջ է գտնվում թուրքերի դիրքի հետ: Նախկինում կատարված ուսումնասիրությունների ընթացքում նշվում էին, որ թուրքերը համարվում են Թուրքիայում ապրող ժողովուրդների գենետիկական նախնիները, սակայն այս հետազոտության արդյունքները վկայում են, որ թուրքերն ընդամենը գենետիկորեն մոտ են Կենտրոնական Ասիայի ժողովուրդներին:

Թեստերը ցույց են տալիս, որ հայկական գենոմը էթնիկ միախառնումների հետքեր է պարունակում: Դրանք համընկնում են լեգենդար Հայաստանի հիմնադրման ժամանակաշրջանի հետ՝ մ.թ.ա. 2492 թ., և կորում են 1200 թ., երբ արևելյան միջերկրածովյան շրջանում կտրուկ անկում են ապրում բրոնզեդարյան քաղաքակրթությունները: Ամենայն հավանականությամբ, դա հանգեցրել է նաև հայերի մեկուսացմանը մյուս ժողովուրդներից, որին էլ հետևել է տարբերությունների առաջացումը մշակույթում, լեզվում ու կրոնում, որոնք էլ պահպանվում են մինչ օրս:

«Հայերի երկարատև մեկուսացումը կարող էր ալեմորֆիկ գեների հազվագյուտ հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ, ինչի վերաբերյալ ուսումնասիրություն էլ նախատեսում ենք կատարել հետագայում»,- նշվում է հոդվածում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել