168.am-ը գրում է.

2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կարևոր որոշումներից է լինելու մասնավոր տաքսիներին արտոնագրային վճարից ազատելը:

«Մոտավորապես 50.000 մարդ ունենք, որոնք այս որոշման շահառու են դառնում: Եթե դնենք չոր աշխատավարձի տրամաբանության մեջ, ստացվում է, որ նրանց աշխատավարձը Երևանում ավելացնում ենք 12.000 դրամ, մարզերում՝ 8000»,- ասել էր վարչապետը:

«Անհատ տաքսի վարորդների պաշտպանություն» հ/կ նախագահ Մխիթար Օհանյանը կարծում է, որ այս որոշումն ի վնաս տաքսու վարորդների է:

«Ձրի պանիրը դրված է լինում միայն մկան թակարդում: Անհավասար դաշտ է ստեղծվելու, օնլայն տաքսիների մոնոպոլիա է զարգանում, ու անհատ տաքսու վարորդներն ինքնըստինքյան դաշտից դուրս են մղվում: Տեսե՛ք, օնլայն տաքսին 1 կիլոմետրի համար մինիմալը 250 դրամ է պահանջում, անհատ տաքսու վարորդը չի կարող այդքան գումար պահանջել 1կմ-ի համար, որովհետև փողոցում է կանգնում, այստեղից վերցնում, գնում է, ենթադրենք՝ Էրեբունի, այդտեղից գալիս է կրկին իր տեղը, իսկ ճանապարհին, եթե ստացվեց՝ մեկը մեքենան կանգնեցրեց, լավ կլինի, չէ՝ չէ: Սակայն օնլայն տաքսին գնում է որևէ հասցեով, այդտեղից կրկին պատվեր է լինում, ու ինքը 10 կմ-ի մեջ կարող է 2500 դրամ գումար աշխատել: Իսկ անհատ տաքսու վարորդը չի կարող 10 կմ վարել ու 2500 դրամ աշխատել, շատ-շատ 600 դրամ ձեռք բերի: Հիմա, որ գնամ ու ասեմ՝ օնլայն տաքսին հանեք, ինձ խանգարում է, կասեն՝ ինչքան կարողանում ես, այնքան էլ աշխատի՝ ո՛չ հարկ ես վճարում, ո՛չ տուրք, քեզ ինչի՞ համար ընդառաջեմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց  «Անհատ տաքսի վարորդների պաշտպանություն» հ/կ նախագահը:

Նրա կարծիքով՝ օնլայն տաքսիներին պետք է պարտադրել՝ մեկ կիլոմետրի համար պահանջել 600 դրամ:

«600 դրամը պետք է պարտադիր կիրառեն օնլայն տաքսիները, որ իրենց հաճախորդը հատուկ կես ժամ չկանգնի սպասի, 300 դրամով գնա, այն դեպքում, որ դիմացը տաքսի մեքենաներ են կանգնած»,- նկատեց Մխիթար Օհանյանը:

«Անհատ տաքսի վարորդների պաշտպանություն» հ/կ նախագահը նշում է՝ օր օրի աշխատատեղեր են փակվում, գործազուրկները, հետևաբար՝ տաքսու վարողները շատանում են:

«Տաքսու ոլորտը միակն է, որտեղ կարող են ընտանիքների համար հացի փող աշխատել, դրա համար առաջարկում ենք, որ հավասար պայմաններ լինեն, յուրաքանչյուր անհատ վարորդ ամեն ամիս պարտադիր 5000 դրամ վճարի պետական բյուջե: Քանի որ տաքսու վարորդների թիվը մոտ 50.000 է, պատկերացրեք, թե ի՞նչ է ստացվում, եթե 5000 դրամ վճարեն: Մեր բյուջեի 1/4 մասը կլցվի»,- ասաց Մխիթար Օհանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել