Նախորդ տարվա հուլիսին Varks.am-ը նախաձեռնեց «Barigortser.am» սոցիալական նախագիծը, որը շատ բուռն արձագանք ստացավ ու մեծ հետաքրքրություն առաջացրեց ինչպես սոցիալական կայքերում, այնպես էլ մի շարք հայտնի մարդկանց շրջանում։ «Բարի գործեր» նախագիծը մեծ ուշադրություն է դարձնում ՀՀ և ԼՂՀ բնակչության կենսամակարդակի բարելավմանն ուղղված  գաղափարներին։ Ընկերությունն աջակցում է այն նախագծերին, որոնք նշանակալի ներդրում ունեն մեր երկրի զարգացման համար, ունեն հանրային նշանակություն և նպաստում են կրթության, մշակույթի, սպորտի և  շրջակա միջավայրի բարելավմանն ու զարգացմանը։ BlogNews.am-ը օրերս հանդիպել է նախագծի հեղինակներին ու հետաքրքիր զրույցի ընթացքում պարզել նախագծի, դրա հիմնական գաղափարի և կառուցվածքի մասին որոշ մանրամասներ։

Դեռ մեկ տարի չկա, ինչ գործարկվել է «Բարի գործեր» նախագիծը, բայց արդեն կան շոշափելի արդյունքներ,  բավական շատ ու բազմաբնույթ իրականացված ծրագրեր։ Նախագծի կարևոր կետերից մեկն էլ այն է, որ ծրագրերն իրականացվում են մարզերում և Արցախի Հանրապետությունում: Արդեն իսկ ֆինանսավորում ստացած նախագծերի 80 տոկոսը կատարվել են ՀՀ տարբեր մարզերում, այդ թվում՝ սահմանամերձ Մովսես գյուղում. «Այս ամիսների ընթացքում կատարել ենք տարաբնույթ աշխատանքներ, վերանորոգել ենք դպրոցներ։ Օրինակ՝ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոցն ապահովել ենք պատուհաններով, «Արմաթ» լաբորատորիաներ ենք հիմնել մի շարք մարզերի դպրոցներում, «Փայտե ձի» կենտրոնում մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների համար շուտով կտեղադրվի ջեռուցման համակարգ, Վանաձորի թիվ 8 մանկապարտեզը կհամալրվի անհրաժեշտ գույքով և կահույքով, իսկ, օրինակ, սահմանամերձ Մովսես գյուղում ստեղծվել է կավագործության արհեստանոց՝ անհրաժեշտ բոլոր սարքավորումներով»,- հպարտորեն նշում են հեղինակները։

join armath

Նախաձեռնության առաջին փուլում ստացվել են աննախադեպ թվով հայտեր։ Ներկայացված շուրջ 70 նախագծերից քվեարկության համար ընտրվել է 28 նախագիծ, որոնք համապատասխանել են կանոններին։ Ի դեպ, նախագծերը, որոնք ֆինանսավորում է «Վարկս Էյ Էմ»-ը, պետք է հանրության համար լինեն ազատ ու անվճար։ Օրինակ, եթե կառուցում են խաղահրապարակներ այգիներում, ապա պարզ է, որ դրանք նախատեսված են բոլորի համար և փոխանցվելու են սերնդեսերունդ։

Հարցին, թե ովքե՞ր կարող են դիմել, ինչպիսի՞ն է դիմելու կարգն, ու ինչպե՞ս են ընտրվում մասնակիցները, պարզաբանում են. «Դիմելու կարգը բավականին հեշտ է, մուտք են գործում Barigortser.am կայք, սեղմում են «Ներկայացնել նախագիծ» կոճակը և լրացնում են համապատասխան դաշտերը, որոնք նույնպես պարզեցված են։ Պարտադիր ուղարկում են նախագծի կարճ նկարագրությունը և կցում են նախագծի նկարներն ու նախնական նախահաշիվ։ Յուրաքանչյուր հայտ անհատապես ուսումնասիրվում է, և եթե չի հակասում կայքում ներկայացված մասնակցության կանոններին, ավտոմատ կերպով ընդգրկվում է քվեարկության փուլ»։

armath technocamp

Երբ արդեն ընտրված են նախագծերը, հաջորդ քայլը դրանք կայքում տեղադրելն է, ինչին էլ հետևում է քվեարկության փուլը. «Քվեարկությունը ևս անցկացվում է barigortser.am կայքէջում անվճար SMS հաղորդագրության միջոցով։ Մարդիկ հատուկ իվենթներ են բացում, հավաքվում, քվեարկում, տպում են պրոյեկտներն ու փողոցներով բացատրում մարդկանց։ Յուրաքանչյուր քվեարկության փուլ հիմնականում տևում է 30 օր»: 

Ընկերության կողմից որդեգրված կարևորագույն նախապայմաններից մեկն է՝ ունենալ արդար քվեարկություն. «Ամեն քվեաշրջանի ավարտից հետո մեր ՏՏ բաժինն անցկացնում է ձայների ստուգման մանրակրկիտ ուսումնասիրություն։ Ցավոք, նման դեպք ունեցել ենք, երբ ձայների ուսումնասիրմամբ կեղծ քվեարկության դեպք է հայտնաբերվել, օգտագործվել են տեխնիկական մի շարք միջոցներ, և պարզ է, որր ֆինանսավորում ստացան հաջորդող, արդար կերպով առավելագույն ձայներ հավաքած 3 նախագծերը»։

3-new

Նախագծի իրականացման ամբողջ ընթացքը պետք է տևի ոչ ավել, քան 3 ամիս, բացի այդ՝ նախաձեռնության հեղինակները մինչ նախագծի իրականացումը և դրա իրականացումից հետո այցելում են ծրագրի իրականացման վայր և նկարահանում նախկին և ներկա վիճակը։

Վերջում հետաքրքրվեցինք, թե դեռ որքան կշարունակվի նախաձեռնությունը. «Իհարկե, ամեն ինչ ունի իր ավարտը, սակայն նախագիծը դեռ շարունակական բնույթ է կրելու, և հուսանք՝ ժամանակի ընթացքում էլ ավելի հետաքրքիր նախագծեր կֆինանսավորենք և կյանքի կկոչենք շատերի երազանքները»։

51_1920Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել