Մարտի 18-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Միրյանա Շպոլյարիչ Էգգերի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը կարևորել է Հայաստանին անկախությունից ի վեր ՄԱԶԾ ցուցաբերած աջակցությունը և համոզվածություն հայտնել, որ կառույցի հետ համագործակցությունն ապագայում էլ ավելի արդյունավետ ու հավակնոտ է լինելու:

Փոխվարչապետը նաև անդրադարձել է կառավարության ծրագրի սկզբունքներին և առաջնահերթություններին, շեշտելով որ այն հիմնված է ներառական աճի մոդելի վրա, որը համահունչ է կայուն զարգացման նպատակների հետ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Միրյանա Շպոլյարիչ Էգգերը նշել է, որ ՄԱԶԾ-ն պատրաստ է գործողությունները այլ միջազգային գործընկերների հետ կոորդինացնելով՝ աջակցել կառավարության նախաձեռնած բարեփոխումներին: Զրուցակիցները կարևորել են այս գործընթացում Հայաստանի Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի և դրա ձևավորած գործիքների դերակատարությունը:

Քննարկվել են նաև հանրային կառավարման, թվայնացման, զբաղվածության խթանման ոլորտներում իրականացվելիք բարեփոխումների համատեքստում համագործակցության հեռանկարները:

Այնուհետև, Տիգրան Ավինյանը և Միրյանա Շպոլյարիչ Էգգերը մասնակցել են Կայուն զարգացման ազգային նորարարական կենտրոնի նոր գրասենյակի բացմանը և կենտրոնի ստեղծած առաջին գործիքի՝ Travelinsghts-ի ներկայացմանը:

Իր խոսքում փոխվարչապետը նշել է, որ Հայաստանը, ՄԱԿ-ի անդամ այլ երկրների հետ միասին, հանձնառություն է ստանձնել 2030թ. դրությամբ կյանքի կոչել Կայուն զարգացման 17 նպատակները: Դրան հասնելու համար հիմնարար նշանակություն ունի ոչ միայն կառավարության նպատակասլաց աշխատանքը, այլև տարբեր շահառուների՝ պետական գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, գիտական հանրույթի և մասնավոր հատվածի ներգրավմամբ՝ հին խնդիրներին նոր լուծումներ տվող գործիքների ստեղծումը և նախաձեռնությունների առաջքաշումը:

Այս գործընթացում ազգային նորարարական կենտրոնը առանձնահատուկ դեր է ունենալու: Այն կառավարության համար հետազոտական հանգույցի դեր է խաղում՝ կենտրոնանալով  տվյալների վերլուծության և վարքագծային փորձարկումների իրականացման գործիքակազմի վրա, ինչը թույլ կտա կառավարության կողմից իրականացվելիք հանրային քաղաքականությունները կազմել՝ հիմնվելով փաստերի վերլուծության վրա, և այդպիսով խթանել կայուն զարգացման թիրախների բարեհաջող նվաճումը:

Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանի ազգային նորարարական կենտրոնը նախատիպ է դարձել ՄԱԶԾ կողմից աշխարհի 60 երկրներում ստեղծած նմանատիպ կենտրոնների համար: Այսպիսով, Հայաստանն աշխարհում հանդես է գալիս ոչ միայն որպես կուտակված փորձի սպառող, այլև կարողանում է իր ստեղծած հաջող օրինակներով օգնել միջազգային հանրության մյուս անդամներին: Հաշվի առնելով այդ ձեռքբերումները և դրական փորձը, Տիգրան Ավինյանը նաև կոչ է արել մտածել ազգային նորարարական կենտրոնի անկախացման և ինստիտուցիոնալիզացման մասին:

Անդրադառնալով Travelinsights գործիքին՝ փոխվարչապետը նշել է, որ այն օգտագործելու է արհեստական բանականության կարողությունները՝ ոլորտի պատասխանատուներին զբոսաշրջիկների կարծիքների վերլուծության վրա իրական ժամանակում տվյալներ տրամադրելով և  այսպիսով խթանելով փաստերի վերլուծության հիման վրա ոլորտի քաղաքականության բարեփոխումները: Travelinsights-ը կարող է օգնել բացահայտելու զբոսաշրջիկների բավարարվածության, ինչպես նաև դժգոհության աղբյուրները, փաստական ապացույցներ տրամադրել նոր ծառայություններում ներդրում կատարելու որոշում կայացնելիս, ինչպես օրինակ՝ էկոտուրիզմը կամ գաստրոտուրիզմը:

Ավարտելով ելույթը՝ Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին ցուցաբերած շարունակական աջակցության համար և հաջողություն մաղթել Կենտրոնի ապագա նախաձեռնություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել