Իմ գրեթե բոլոր ծանոթների հետ խոսելուց հետո պարզվեց, որ բոլորիս մոտ նոր սինդրոմ է՝ տագնապի զգացում։ Դա արտասահմանում տարածված երևույթ է և երկար ժամանակ համարվում էր զուտ ամերիկյան հոգեվիճակ՝ հաշվի առնելով այդ երկրի անկանխատեսելի տնտեսությունը և ամեն պահի ամեն ինչից զրկվելու վախը, եթե գործդ կորցնես։

Ու հիմա պարզվում է՝ էդ անտեր հոգեվիճակն ունեն շատերը։ Հանգստացե՛ք, դա չի նշանակում, որ Հայաստանը նմանվել է Ամերիկային։ Ոչ, ուղղակի դա մարդկանց ենթագիտակցական ռեակցիան է երկրում տեղի ունեցող իրադարձություններին։ Հիմա արդեն բոլորին պարզ է, որ նոր կառավարությունն իրականում զբաղված է մեկ բանով. նստացնում է նախորդներին կոռուպցիայի անվան տակ։ Դա շատ լավ կլիներ, եթե դրանից ժողովրդին օգուտ լիներ։ Բայց, բացի «սիրտը հովացնելուց», ուրիշ ոչ մի ՕԳԳ այդ պայքարը չունի։

Բայց դա չէ զանգվածային պսիխոզի պատճառը։ Պատճառն այն է, որ մարդիկ առայժմ ենթագիտակցորեն (գուցե մեկ տարի հետո գիտակցաբար) հասկանում են, որ այս կառավարությունը ոչնչի ընդունակ չէ։ Ավելին՝ ունքը դզելու փոխարեն աչքն է հանում։ Այս կառավարությունը որևէ կերպ պարտավորված չէ հոգ տանելու ո՛չ պետծառայողների մասին, ո՛չ գյուղացիների, ոծչ գործազուրկների մասին, հետևաբար չի աշխատելու։ Ու մունաթ է գալու, թե ինչու բյուջեն չի լցվում։ Ու երբ թոշակները չբավարարեն, ասելու են՝ չենք ձգում, կներեք։ Բայց դա էլ խնդիրը չէ։ Խնդիրն այն է, որ այ տենց մունաթով արժեզրկելու են դրամը, փոշիացնելու են բանկային համակարգն ու էլի ասելու են՝ տնտեսությունը դրանից առողջանում է, ի՞նչ եք խառնվել իրար։

Ու հենց սա զգալով՝ մարդիկ սկսել են տագնապել, որովհետև հասկանում են, որ երկիրը կործանվում է, ու դա անխուսափելի է։ Իսկապես անխուսափելի է։ Այս իշխանությանը թվում է, որ իրենք պայքարում են հին էլիտայի ու արմատացած կոռուպցիայի դեմ։ Ու անկեղծորեն հավատում են, որ էդ պայքարով միլիարդներ հետ կբերեն։ Թեև կամաց-կամաց սկսում են հասկանալ, որ ոչ մի միլիարդ էլ չկա։ Որ դա հենց իրենց հնարած լեգենդն էր, որին սկսել են հավատալ, դրա վրա հաշվարկներ արել ու հիմա փաստի առաջ են կանգնել։

Այս իշխանությունը կառավարում է բոլորին հետապնդելով, ոչ մեկին գործելու երաշխիք չտալով, մարդկանց հոգեբանական ու տնտեսական խորը դիսկոմֆորտի մեջ գցելով։ Ու բացի իր ընտրական պլեբսից, որը եղել է միշտ աղքատ, միշտ սոված և միշտ մանիպուլացվող, ոչ մի այլ խավի մասին չի մտածում։ Եվ չի էլ մտածելու, որովհետև խորապես թքած ունի։ Ու հենց սա են մարդիկ զգում ու տագնապում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել