168.am-ը գրում է.

«Սննդամթերքի անվտանգության և սպառողի շահերի պաշտպանության բնագավառում առավելագույն մակարդակ ապահովելու համար ամբողջ աշխարհը ներդրում է ռիսկի վրա հիմնված սննդամթերքի անվտանգության համակարգ, որն ունի շատ կարևոր նշանակություն։ Նախ՝ արդյունավետության բարձրացման նպատակով, բացի այդ,  ռիսկի գնահատումը ենթադրում է մթերքի ազդեցության գնահատում մարդու առողջության վրա։ Այսինքն՝ շատ կարևոր է հասկանալու համար, թե արդյո՞ք մթերքների սպառումը հանրային առողջապահական տեսանկյունից իրենից խնդիր ներկայացնում  է, արդյո՞ք պետությունը պետք է միջամտի և արտադրություններում կառավարի այդ գործող ռիսկերը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը՝ անդրադառնալով Հայաստանում սննդամթերքի անվտանգության բնագավառում ռիսկերի գնահատման համակարգի բացակայությանը և դրա հետ կապված մի շարք խնդիրների։

Դավիթ Պիպոյանի խոսքով՝ նախորդ երկու կառավարությունների ժամանակ այս խնդրի մասին տարբեր առիթներով խոսվել է, յուրաքանչյուր տարի մարտի 15-ին՝ Սպառողների  իրավունքների պաշտպանության օրը, անընդհատ շեշտվում է, որ պետք է լինի ռիսկերի վրա հիմնված համակարգ, սակայն առ այսօր Հայաստանում այդ համակարգը չի ներդրվել։

«Թավշյա հեղափոխությունից հետո այդ հարցը ևս տարբեր հարթակներում քննարկվել է, խոսվել է դրա դերի ու կարևորության մասին, բայց, ցավոք, իրավական առումով դեռ տեղաշարժ չկա։ Ինչպես նախկինում էր, երբ օրենքի պահանջները չէին գործում, այնպես էլ այսօր՝ արդեն մեկ տարի շարունակ ոտնահարվում է «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության» մասին օրենքը, և առ այսօր մենք ռիսկի գիտական գնահատման համար լիազոր մարմին չունենք»,- շեշտեց Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավարը։

Ըստ Դավիթ Պիպոյանի, համակարգի բացակայությունը ոլորտում առաջացնում է բազմաթիվ խնդիրներ, նախ՝ համակարգի բացակայության ժամանակ իրականացվում են սակավ հետազոտություններ գիտական կազմակերպության կողմից, որն ընդհանուր պատկեր չի արտացոլում երկրում։

«Ամենակարևոր խնդիրն այն է, որ ռիսկերի գնահատման ժամանակ սննդամթերքում ոչ թե աղտոտիչի քանակ են ուսումնասիրում, այլ՝ թե մարդու կողմից որքան է այդ սննդամթերքը սպառվել։ Բազմիցս ներկայացրել եմ մի քանի մթերքներ, որտեղ, օրինակ՝ մթերքի աղտոտումն շատ ավելի բարձր է կանաչեղենի մեջ, բայց քանի որ կարտոֆիլի սպառումը մի քանի անգամ գերազանցում է կանաչեղենի սպառմանը, շատ ավելի խնդրահարույց է այս մթերքը։ Ինչո՞ւ է կարևոր ռիսկի գնահատումը, որ  պետությունն ուշադրություն դարձնի և պետական վերահսկողություն իրականացնի այն ոլորտներում, որոնք սպառողի շահերի պաշտպանության ոլորտում ունեն մեծ տեսակարար կշիռ։ Ակնհայտ է, չէ՞, որ պետությունը չունի 10 հազար տեսուչ, որոնք ամեն օր գնան արտադրություններ, ուսումնասիրեն, պետք է տարանջատել սուր ու քրոնիկ խնդիրները՝ հասկանալու համար, թե մեր երկրում որոնք են գերակա ուղղությունները։ Այսօր քննարկվում է շաքարի դեմ պայքարը և շեշտվում է գազավորված ըմպելիքները։ Ո՞վ է ասել, որ հայաստանցիների սննդակարգում ավելցուկային շաքարի մեջ ամենամեծ չափաբաժին ունեն, օրինակ՝ գազավորված ըմպելիքները, մասնավորապես, եթե խոսում ենք երեխաների առողջությունից։

Օրինակ՝ իմ շրջապատում միաբերան կարող եմ ասել, որ շաքարի շատ ավելի մեծ քանակության ավելցուկ յոգուրտների կիրառումից են ստանում, քան՝ գազավորված ըմպելիքներից։ Սա է խնդիրը, որ պետությունը չի կարող ճիշտ որոշում կայացնել առանց պատշաճ ռիսկի գնահատաման»,- ասաց մեր զրուցակիցը։

Դավիթ Պիպոյանի դիտարկմամբ՝ ռիսկերի գնահատման համակարգ ներդնելու համար պետությունն առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնի իրավական համակարգին, քանի որ այսօր կա օրենք, որ պետք է լինի գիտական մարմին, և պետությունը պետք է կառավարի այդ մարմնի կողմից տրված ռիսկերը։ Սակայն այսօր նման կենտրոն գոյություն չունի։

«Ճիշտ է, Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնն իր գործունեությունը ծավալում է՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ օրենք չկա, պահանջարկ չկա։ Բայց, ի վերջո, այս ամենը հայ գիտնականների էնտուզիազմի հաշվին պահվող բնագավառ է։ Տեսնում ենք, որ այսօր գիտնականներն ունեն ցածր աշխատավարձ, ընդհանրապես գիտության ոլորտի նկատմամբ չկա հրապուրանք այս պետական հոգածության շնորհիվ,  և պատկերացրեք այսպիսի կարևորագույն ոլորտ, որը պետական որոշումների կայացման համար ունի կարևոր դեր ու նշանակություն, և տարիներ շարունակ խոսել խնդրի մասին ու չտալ լուծում, կարծում եմ՝ անսրտացավ և ոչ հոգատար վերաբերմունք է ոլորտի հանդեպ։ Երբ իմ ոլորտում լինեն նշածս բարեփոխումները, խոստանում եմ ասել, որ երկրում իրավիճակ է փոխվել, դեռևս հին իրավիճակն է»,- եզրափակեց Դավիթ Պիպոյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել