Քանի որ առիթ եղավ՝ խոսելու զինվորների, հատկապես՝ նորակոչիկների մասնագիտական պատրաստության, գործնական պարապմունքների և մարտական հերթապահության մասին, հարկ եմ համարում խոսել նաև այլ խնդրի՝ դպրոցներում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման և կարևորության մասին։ 
Միանշանակ ա, որ չի կարելի նույնիսկ մտածել էդ առարկան կրթական ծրագրից հանելու ուղղությամբ։ Նույնքան միանշանակ ա նաև էն, որ առարկայի կարևորությունն աշակերտները չեն ընկալում, ինչի արդյունքում ՆԶՊ-ն, կարելի ա ասել, չի ծառայում իր նպատակին։ Աշակերտների՝ առարկայի հանդեպ, էսպես ասենք, արհամարհական վերաբերմունքն ունի պատճառներ։ Դրանցից հիմնականն էն ա, որ պետությունը սխալ քաղաքականություն ա վարում՝ ՆԶՊ-ն վստահելով թոշակի անցած սպաներին։ Թող նրանք ինձ ներեն, բայց տասնյակ տարիներ շարունակ բանակային նիստուկացին սովորած, նույն էդ բանակային նիստուկացից հոգնած տարեց տղամարդիկ պարզապես ի վիճակի չեն աշխատելու աշխույժ, չարաճճի աշակերտների հետ և նրանց էներգիան ճիշտ ուղղորդելու, իսկ միայն ավտոմատ քանդել-հավաքել սովորեցնելու համար պետությունը չպիտի էդ մարդկանց աշխատավարձ տա։ Անհրաժեշտ ա ներգրավել երիտասարդ կադրերի, ովքեր երեխաներին կկարողանան բացատրել առարկայի իրական կարևորությունը, կկարողանան սեր ու հետաքրքրություն արթնացնել ո՛չ միայն ՆԶՊ առարկայի, այլև բանակի ու բուն զինվորական ծառայության հանդեպ։ Անհրաժեշտ ա իրականացնել աշակերտների նախնական զինվորական և՛ տեսական, և՛ գործնական պատրաստություն, ինչի համար մեծ ջանքեր են պահանջվում, իսկ թոշակի անցած սպաները, որպես կանոն, էդքան էներգիա ու «հավես» չունեն, ինչը բնական ա։ Երիտասարդները կարող են ո՛չ ստանդարտ մեթոդներ, ստեղծագործ միտք ու նոր տեխնոլոգիաներ ներդնել՝ ապահովելով ՆԶՊ առարկայի դասավանդման նոր և ավելի բարձր որակ, հետևաբար՝ մեծ ներդրում կատարել առավել մարտունակ բանակ ունենալու գործում։ 
Մեկ այլ խնդիր ա առարկայի բուն ծրագիրը, որը գրեթե չի նախատեսում գործնական պարապմունքներ/վարժանքներ և շեշտը դնում ա առավելապես ո՛չ այնքան կարևոր կետերի վրա։
Կրթության և գիտության նախարարի փոխարեն՝ ես հնարավորություններ կստեղծեի, որպեսզի զորացրված սերժանտներն ու սպաները (հատկապես՝ մարտական գործողությունների մասնակից և կրթություն ստացած) վերապատրաստվեին ու ստանձնեին երեխաներին պատրաստելու առաքելությունը։ Հիմա էդ հնարավորությունները չկան։ Օրինակ՝ ես մի քանի ամիս առաջ մասնավոր դպրոցներից մեկում հրավիրված էի աշակերտների հետ հանդիպման։ Մի քանի օր անց էդ դպրոցից ինձ առաջարկեցին դասավանդել ՆԶՊ, բայց խնդրեցին ճշտել՝ արդյո՞ք դա հնարավոր ա։ Պարզվեց՝ օրենքը թույլ չի տալիս։ Խնդիրն էստեղ իմ աշխատանքը չի, այլ էն, որ պետությունն ունի լուրջ ռեսուրս՝ ի դեմս մարտական գործողությունների մասնակից և մարտսկան ծառայություն իրականացրած, զինվորական դեռ թարմ գիտելիքներ, փորձ ունեցող կրտսեր հրամանատարների, որոնց շարքերում կան իրենց փորձն ու գիտելիքը պատանիներին փոխանցելու ցանկություն և ուժ ունեցող մարդիկ, բայց դրա համար պայմաններ չկան ու չեն ստեղծվում։ 
Հ.Գ. Հարգում եմ թոշակի անցած մեր սպաներին։ Թող որևէ մեկը չկարծի, թե էդ մարդկանց թերագնահատում եմ կամ ուզում եմ նրանց հացին «վայիս լինել»։ Խնդիրն այլ ա ու ստեղ կարևորն արդյունքն ա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել