Լինում են իրադարձություններ, երբ դժվար է լինում չտրվել դավադրությունների տեսություններին։ Կան նշանային դեպքեր և, անկախ նրանից, թե կազմակերպված ու ուղղորդված են, թե ոչ, դառնում են խորհրդանշական իրադարձություն։

Նոր Զելանդիայի մզկիթներում կատարված գնդակահարություններն այդ շարքից են, որոնց արդյունքում մոտ 50 մարդ զոհվել է, այդքանն էլ հիվանդանոցներում են։ Ակնհայտ է, որ դա կազմակերպված և պլանավորված էր։

Հիմա փորձենք հասկանալ այդ ակտի խորհրդանիշները։ 28 տարեկան Բրենթոն Թարանթը գնդակահարության ճանապարհին լսել է Կարաջիջին նվիրված սերբական երգ, որը մեղադրվում էր Բոսնիայի մուսուլմանների սպանության մեջ։ Ինքնաձիգի վրա կային տարբեր մակագրություններ, այդ թվում՝ հայերեն «Սարիղամիշի ճակատամարտ», որի ժամանակ (ռուս-թուրքական պատերազմ) տասնյակ հազարավոր թուրք զինվորներ են զոհվել, ու որը 1915 թվականի հայերի ցեղասպանության պատճառներից մեկն էր, թուրքերի կողմից Վիեննայի պաշարման տարեթիվը և այլն։

Ահաբեկիչն իր ակտը համարում է Ստոկհոլմում իսլամիստ ահաբեկչի կողմից իրականացրած գործողության պատասխան։ Նա կոչ է անում սպանել Մերկելին, Էրդողանին ու Լոնդոնի մուսուլման քաղաքապետին։

Փաստորեն, ահաբեկչության «շահառուների» աշխարհագրությունը շատ մեծ է վերցվել, ըստ երևույթին, որ արձագանքը նույնպես մեծ լինի։

Իր ուղերձում ասել է, որ «սպիտակ ռասան» վտանգի տակ է, ու որ Կոստանդնուպոլսի բոլոր մզկիթները պետք է ավերվեն։

Հատկապես տարօրինակ է, որ ահաբեկչի հետ բանավեճի մեջ է մտել Էրդողանը՝ նրան պատասխանելով, որ քանի կան թուրք ազգը և նրա ոգին, Սոֆիայի մզկիթն ուղղափառ եկեղեցի չի դառնա։ Տարօրինակ արձագանք է մարդասպան ահաբեկչին, փաստորեն, Թուրքիայի նախագահը գաղափարական վեճի մեջ է մտել ահաբեկչի հետ, կամ էլ այլ մարդկանց հետ, ովքեր, իր կարծիքով, կանգնած են այդ ակցիայի ետևում։

Այս ակցիայի տարօրինակությունները թվարկածով չեն ավարտվում, սպասենք գնահատականներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել