Գրեթե յուրաքանչյուր ավեստի գործում կա մի գաղտնիք, որը բոլորը ցանկանում են բացահայտել։ Ցանկանում ենք դրանցից մի քանիսով կիսվել Ձեզ հետ։

Մերկ Մոնա Լիզան

Հայտնի «Ջոկոնդան» գոյություն ունի երկու «տարբերակով». մերկ տարբերակը կոչվում է «Մոնա Վաննա», և այն պատկերել է ոչ այնքան հայտնի Սալային, ով մեծն Դա Վինչիի աշակերտն էր։ Շատ արվեստագետներ վստահ են, որ հենց նա է եղել Լեոնարդոյի «Հովհաննես Մկրտիչ» և «Բաքոս» կտավների բնորդը։ Գոյություն ունեն նաև վարկածներ, որ հենց կնոջ հագուստ հագած Սալային է ծառայել որպես Մոնա Լիզայի բնորդ։

«Ամերիկյան գոթիկայի» անմեղ պատմությունը

Գրանդ Վուդի այս աշխատանքը համարվում է ամերիկյան նկարչության ամենատարօրինակ և խորհրդավոր կտավներից մեկը։ Մռայլ դեմքեր ունեցող հոր ու դստեր պատկերը լի է դետալներով, որոնք ծանրություն ու խավար են հաղորդում դրան։ Իրականում նկարիչը դիտավորություն չի ունեցել ոչ մի «սարսափ» պատկերելու. Այովա նահանգում իր ուղևորության ժամանակ նա նկատել է գոթական ոճի մի տուն և որոշել է պատկերել այն մարդկանց, ովքեր, ըստ նրա, կատարելապես կհամապատասխանեին այդ տան բնակիչների իրական կերպարներին։ Որպես բնորդներ հանդես են եկել Գրանդի քույրն ու նրա ատամնաբույժը։

Խաբկանք ինքնանկարում

Այն մասին, որ Վան Գոգը կտրել է սեփական ակնաջը, մշտապես լեգենդներ են հյուսվել։ Այսօր առավել ճշմարտացի է ընդունված համարել այն վարկածը, որ մեծ նկարչի ականջը վնասվել է մեկ այլ նկարչի՝ Պոլ Գոգենի հետ ծեծկռտուքի ժամանակ։ Ինքնանկարը հետաքրքրական է նրանով, որ այն արտացոլում է իրականությունը խեղաթյուրված կերպով. նկարիչը պատկերված է աջ ականջը կտրած, քանի որ աշխատելու ընթացքում նա հայելի է օգտագործել։ Իրականում վնասված է եղել ձախ ականջը։

Շրջված նավակ

Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում 1961 թ. ցուցադրության դրվեց Անրի Մատիսի «Նավակ» կտավը։ Միայն 47 օր անց ինչ-որ մեկն ուշադրություն դարձրեց այն բանին, որ պատկերը գլխիվայր է կախված։ Կտավի վրա 10 մանուշակագույն գիծ է պատկերված և երկու կապույտ առագաստ։ Նկարիչն այդ երկու առագաստը հենց այնպես չի պատկերել. երկրորդ առագաստն առաջինի արտացոլանքն է ջրի մակերեսին։ Ճիշտ հասկանալու համար, թե ինչպես է հարկավոր կախել կտավը, հարկավոր է ուշադրություն դարձնել դետալներին։ Մեծ առագաստը պետք է գտնվի նկարի վերևում, իսկ դրա ծայրը պետք է ուղղված լինի դեպի վերին աջ անկյուն։

«Գիշերայի՞ն դետք», թե՞ «Ցերեկային»

Ռեմբրանդտի ամենահայտնի կտաներից մեկը՝ «Կապիտան Ֆրանս Բանինգ Կոկի և լեյտենանտ Վիլեմ վան Ռյոյտենբյուրգի նետաձիգների խմբի դետքը», շուրջ երկու հարյուր տարի կախված է եղել տարբեր սրահներում և արվեստագետների կողմից հայտնաբերվել է միայն XIX դարում։ Քանի որ թվում էր, թե կերպարները հանդես են գալիս մութ ֆոնի վրա, կտավն անվանեցին «Գիշերային դետք», և հենց այդ անունով էլ այն անցավ համաշխարհային արվեստի պատմության մեջ։ Եվ միայն 1947 թ. կատարված դրա վերականգնման աշխատանքների ժամանակ պարզ դարձավ, որ երկար տարիների ընթացքում կտավը հասցրել է պատվել մրի շերտով, ինչն էլ փոխել է դրա գույները։ Մաքրումից հետո վերջնականապես պարզվեց, որ Ռեմբրանդտի ներկայացրած տեսարանն իրականում ցերեկային ժամի է։ Կապիտան Կոկի ձախ ձեռքի ստվերի դիրքը հուշում է, որ գործողությունները տեղի են ունենում ոչ ավելի ուշ, քան ժամը 14-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել