Օսմանյան կայսրության մայրաքաղաքը՝ Կոստանդնուպոլիսը, համարվում էր արևմտահայերի մշակութային, քաղաքական ու սպորտային կենտրոնը: XIX դարի վերջում Կոստանդնուպոլսի հայկական կրթական հաստատությունների ծրագրերը ներառում էին սպորտային պատրաստվածություն, և անգամ մարմնամարզության վերաբերյալ որոշ ձեռնարկներ հրատարակվել են հայերենով:

Լուսանկարում պատկերված են ֆուտբոլային «Տորք» ակումբի անդամները: Ակումբը հիմնվել է 1908 թ. Կոստանդնուպոլսում: Կենտրոնում ակումբի հիմնադիր ու ավագ խաղացող Վահագն Չերազն է, ով համարվում է ոչ միայն հայկական սպորտի, այլև սկաուտական շարժման հիմնադիրներից մեկը:

«Տորք» սպորտային ակումբի ներկայացուցիչները միայն ֆուտբոլով չէին զբաղվում: 1910 թ. նրանք մասնակցել են լողի, թենիսի և հեծանվավազքի մրցումների Կոստանդնուպոլսում: Այս լուսանկարն արվել է 1910 թ. և հրապարակվել է կոստանդնուպոլսյան «Մարմնամարզիկ» թերթի 1911 թ. առաջին համարում:

Ազգային ֆուտբոլային թիմերը (հայկական, հունական, թուրքական և այլն) Օսմանյան կայսրությունում սկսել են կազմավորվել XX դարի սկզբին: Առաջին թիմերը հայտնվել են Կոստանդնուպոլսում և Իզմիրում, իսկ այնուհետև՝ աստիճանաբար նաև այլ քաղաքներում:

Հայկական թիմերի կազմում կային նաև Թուրքիայում գործող տարբեր արտասահմանյան քոլեջների հայ ուսանողներ: Առաջին հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբներն էին «Բալթա-Լիմանը», «Արաքսը», «Տորքը», «Հայաստանը», «Վասպուրականը», «Կիլիկիան» և այլն:

Հայկական ակումբներն իրենցից ներկայացնում էին լիովին կազմակերպված կառույցներ ու գործում էին հաստատված կանոնակարգերի հիման վրա: Մեծ ուշադրություն էր դարձվում ֆուտբոլիստների համազգեստին. բոլորը պետք է խաղադաշտ դուրս գային համազգեստով, որն իրենց ակումբի խորհրդանշանը կկրեր:

Հայտնի է նաև, որ հայկական ու թուրքական հավաքականների միջև առաջին պաշտոնական խաղը կայացել է 1906 թ.: Այդ խաղի ընթացքում Կոստանդնուպոլսի հայկական «Բալթա-Լիմա» թիմը ջախջախիչ հաղթանակ տարավ թուրքական «Գալաթասարայի» դեմ՝ 5:0 հաշվով: 1908 թ. «Բալթա-Լիման» վերակազմակերպվեց և բաժանվեց երկու մասի՝ «Արաքս» և «Տորք»:

Հետագայում «Արաքսը» դարձավ հայկական լավագույն ֆուտբոլային ակումբը: Այն իր մարզումներն անցկացնում էր «Ազատության բլուրում», որը գտնվում էր Կոստանդնուպոլսի Շիշլի շրջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել