Նոր Զելանդիայի Կրայսթչերչ քաղաքի մզկիթներում հրաձգության զոհերի թիվը հասել է 49-ի: Այդ մասին մարտի 15-ին հայտնել է Նոր Զելանդիայի ոստիկանության կոմիսար Մայք Բուշը: «Այդ հրեշավոր իրադարձության հետևանքով զոհված մարդկանց թիվը 49 է»,-հայտարարել է նա մամուլի ասուլիսում, որը հեռարձակվում էր NZ Herald թերթի կայքում: Ոստիկանության կոմիսարի խոսքով՝ 41 մարդ սպանվել է Ալ Նուր մզկիթում, ևս յոթը՝ Լինվուդ մզկիթում:

Նա նաև հայտնել է, որ տուժածներց մեկը մահացել է հիվանդանոցում: Ավլի վաղ Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը հայտարարել է, որ մզկիթներում հրաձգության հետ կապված երկու միջադեպն էլ ահաբեկչական գործողություն են: «Այժմ միանգամայն պարզ է, որ այդ հարձակումները կարելի է բնութագրել որպես ահաբեկչություն»,-ասել է նա: Մզկիթի վրա կատարված գրոհից հետո ձերբակալվել է չորս մարդ՝ երեք տղամարդ և մեկ կին: Հրաձիգներից մեկը՝ ավստրալական ծագմամբ 28-ամյա Բրենթոն Տարանտը, 17 րոպե տեսահաղորդում է վարել նախքան մզկիթում մարդկանց վրա կրակելը:

Պատահարից առաջ նա գրել է 37-էջանոց հռչակագիր, որում բացատրել է, թե ով է ինքը և ինչու է հրաձգություն իրականացրել Քրայսթչերչի մզկիթում: Նոր Զելանդիայի ոստիկանությունը դիմել է երկրում բոլոր մզկիթների աշխատանքը ժամանակավորապես դադարեցնելու խնդրանքով: Զինված մարդիկ հարևանությամբ գտնվող Ալ Նուր և Լինվուդ մզկիթներ են մտել տեղական ժամանակով ժամը մոտավորապես 13:45-ին (Երևանի ժամանակով 05:46-ին) ցերեկային աղոթքից անմիջապես հետո և փակել դռները: Ականատեսները հայտնում են, որ գրավման պահին մզկիթներում եղել է մոտավորապես 200 և 300 մարդ համապատասխանաբար: Դրանից հետո կրակոցներ են հնչել:

Հրաձգությունից հետո մզկիթների մերձակայքում կայանված ավտոմեքենաներում հայտնաբերվել են մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարքեր, որոնցից ոչ մեկը գործի չէր դրվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել