Օպերան այսօր մարդաշատ էր. բողոքի ակցիա էին կազմակերպել հարակից տարածքում ժամանակին քաղաքային իշխանությունների թողտվությամբ կառուցված սրճարանների սեփականատերերն ու աշխատակիցները, ովքեր դեմ են այդ բիզնես օբյեկտների ապամոնտաժմանը։ 

Ներկա էր նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը, ով զարմանալիորեն վրդովվեց քաղաքացու այն հարցից, թե ինչու է քաղաքապետարանը խոչընդոտում պարոն Ծառուկյանին, որպեսզի վերջինս իր արտասահմանյան գործընկերների հետ մոտ հարյուր միլիոն դոլարի ներդնում անի Երևանում՝ կառուցելով բարձրակարգ հյուրանոց քաղաքի սրտում։ Թաղապետ Մնացականյանն անհասկանալի պատճառներով վրդովվեց, բարկացավ և, գցելով իրեն անհասկանալի պրպտումների գիրկը, չգիտես ինչու, քաղաքացուն «ուղղորդված մարդ» անվանեց:

Սա առնվազն ծիծաղելի կլիներ, եթե նկատելի չլիներ, թե ինչպես է Կենտրոնի թաղապետը, չունենալով պատասխան քաղաքացիների հարցերին, «պախկվում» զավեշտալի կասկածների ետևում։ Կարծում եմ՝ տեղին կլիներ հիշեցնել թաղապետին, որ այդ հարույր միլիոն դոլարի ներդրումային ծրագրով պարոն Ծառուկյանը չէր եզրափակվել։ Ես ունեմ տեղեկություն, որ չորս ամիս առաջ ԲՀԿ ավագանու անդամ Արման Աբովյանը (այժմ նա պատգամավոր է) դիմել էր քաղաքապետ Մարությանին՝ առաջարկելով իրականացնել Երևանում լայնամասշտաբ շինարարական պրոյեկտ, որը հնարավորություն կտար երևանցիներին գնելու, օրինակ, երկուսենյականոց բնակարան՝ մուծելով ամսական ընդամենը 65000-70000 դրամ և դառնալ տան սեփականատեր մոտ ութ տարվա ընթացքում։ Համաձայնեք, որ ֆանտաստիկ նախագիծ էր, բայց արի ու տես, որ քաղաքապետը ոչ մի ձև մինչ օրս չի արձագանքել։

Համոզված եմ, որ եթե քաղաքապետարանի կողմից լինի ընդամենը հողի հատկացում այդ շինարարական նախագիծն իրականացնելու համար, ապա պարոն Ծառուկյանը հաստատ կպարգևի երևանցիներին ևս մատչելի բնակարան գնելու հնարավորությունը։

Ինչևէ, տեսնում ենք, որ թե՛ թաղապետ Մնացականյանը, թե՛ քաղաքապետը չեն արձագանքում և, փաստացի, ինչ-ինչ պատճառներով զրկում են Երևանը ներդրումներից, իսկ երևանցիներին՝ մատչելի բնակարաններից։

Վերջում ընդամենը մեկ խորհուրդ Մնացականյանին. մի՛ վախեցեք ԲՀԿ-ից, որևէ քայլի մեջ մի՛ փորձեք մութ ելքեր փնտրել, այլ խոսքով ասած՝ «ձվի մեջ մազ մի փնտրեք», եղեք բաց, անկեղծ, և ձեզ կհարգեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել