Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորյայի (1837-1901) կառավարման տարիները տեխնիկական առաջընթացի և բազում հայտնագործությունների տարիներ էին։ Այս հայտնագործություններից շատերը մենք օգտագործում ենք նաև այսօր։ Մանկասայլակներ, սպասք լվացող մեքենաներ, նամականիշներ․ բոլոր այս իրերն ստեղծվել են 19-րդ դարում։ Սակայն միևնույն ժամանակ շատ տարօրինակ և անօգուտ հայտնագործություններ էլ են եղել։

Բուրավետ թանաք

Վիկտորիանական ժամանակաշրջանում գրագիտությունը դադարեց լինել բնակչության վերին շերտերի մենաշնորհը։ Բոլորը կարող էին փոխանակվել գրություններով, և նամակները դարձել էին արվեստի հատուկ տեսակ։ Իսկ ամենազարգացածների համար Herbin կազմակերպությունը սկսեց արտադրել բուրավետ թանաքներ։ Այս թանաքը պատրաստում էին վարդի, մանուշակի, նարդոսի ծաղկաջրերից։ Իմիջիայլոց, կազմակերպությունը գործում է նաև այսօր։

Խոլերայի գոտիներ

19-րդ դարում մարդիկ չէին հետևում իրենց հիգիենային, այդ պատճառով տարբեր համաճարակներ էին սկսվում, այդ թվում՝ նաև խոլերա։ Սակայն այդ ժամանակաշրջանի մարդիկ հավատում էին, որ հիվանդության պատճառը ոչ թե կեղտոտ ջուրն է, այլ մրսած փորը։ Այդ ժամանակ էլ ստեղծվում են խոլերայի գոտիները։ Այդ գոտիները պատրաստվում էին բրդից և տաքացնում էին մարդկանց կարծիքով ամենախոցելի մարմնի հատվածը։

Էլեկտրոֆոն

Վիկտորիանական ժամանակաշրջանում մարդկանց համար շատ քիչ զբաղմուքներ կային, այդ պատճառով էլեկտրոֆոնի հայտնագործումն իսկական իրարանցում առաջացրեց։ Համակարգն աշխատում էր հեռախոսային գծերի միջոցով, և ցանկացողները կարող էին զանգահարել օպերատորին ու նորություններ, երաժշտություն լսել և այլն։ Մարդիկ հատուկ սրահներ էին այցելում, որպեսզի լսեն, անգամ ականջակալներով երեկույթներ էին կազմակերպում։

Կավիճով հաց

Վիկտորիանական ժամանակաշրջանում մեծ տարածում ուներ սննդամթերքի կեղծումը։ Այսպես՝ շատ հաճախ հացի մեջ ավելացնում էին կավիճ կամ գիպս։ Սա նվազեցնում էր հացթուխի ծախսը, իսկ հացն էլ ստանում էր ավելի գրավիչ տեսք։

Երակների գունավորում

Հնարամիտ նորարարները բեռլինյան լազուրի օգտագործմոն անսովոր տարբերակ էին գտել։ Նրանք ներկում էին իրենց ձեռքերի երակները՝ այդպիսով ընդգծելով իրենց ազնվական ծագումը, քանի որ համարվում էր, որ ազնվականները երկնագույն արյուն ունեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել