Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ինդեքս Վենչուրս» (Index Ventures) վենչուրային հիմնադրամի ներկայացուցիչներին՝ հիմնադիր Նինա Աչաջյանին, Մայք Վոլպիին և Դոմինիկ Վիդալին, ովքեր մինչ նշված հիմնադրամում ներգրավվելը՝ գործունեություն են ծավալել Cisco, Amazon, Yahoo և այլ հայտնի ընկերություններում: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

Հյուրերը վարչապետին են ներկայացրել «Ինդեքս Վենչուրս»-ի գործունեությունն ու Հայաստանի ստարտափերում ներդրումային նախագծեր իրականացնելու ուղղությամբ իրենց ծրագրերը: Մասնավորապես, նրանք նշել են, որ բարձր են գնահատում Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տեղի ունեցող դրական զարգացումներն ու շահագրգռված են համագործակցության զարգացմամբ ու ընդլայնմամբ: Բացի տեխնոլոգիական և ինժեներական տարբեր ծրագրերի իրականացումից՝ «Ինդեքս Վենչուրս»-ի թիմը պատրաստվում է հայկական նորաստեղծ ընկերություններին ներկայացնել Սիլիկոնյան հովտում ներդրումներ ստանալու տարբերակները, տեխնոլոգիական ոլորտի միտումները:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է Նինա Աչաջյանի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և տեղական ընկերությունների հետ համագործակցության, ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ առկա նախաձեռնությունները: Վարչապետն ընդգծել է, որ ՏՏ ոլորտը համարվում է Հայաստանի կառավարության առաջնահերթություններից մեկը և գործադիրի նպատակն է ապագայում ունենալ տեխնոլոգիական տնտեսություն: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կառավարությունը շահագրգռված է համագործակցել «Ինդեքս Վենչուրս»-ի վենչուրային հիմնադրամի հետ և քննարկել ներդրումային ծրագրերի կյանքի կոչմանն ուղղված առաջարկները: Վարչապետը նշել է, որ կառավարությունը հետևողական քայլեր է իրականացվում նաև բիզնես միջավայրի շարունակական բարելավման ուղղությամբ: 
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել