Operativ.am-ը գրում է․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, ով իրեն բռնապետ էր անվանել: Անկարայի Փուրսաքլար շրջանում ժողովրդի առջև ելույթ ունեցած Էրդողանը Նեթանյահուին դաժան մարդասպան է անվանել: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

«Հե՛յ, Նեթանյա՛հու, ուշքի՛ արի: Դու անխիղճ ես, 7 տարեկան պաղեստինցի երեխաներին սպանող անխիղճ ես»,- ելույթի ժամանակ Նեթանյահուին դիմելով՝ ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահն Իսրայելի ղեկավարին մեղադրել է այն բանում, որ հրեական ոստիկանության ու զինված ուժերի ծառայողները կոշիկներով ներխուժում են Երուսաղեմի մզկիթներ, որոնք սրբավայրեր են մուսուլմանների համար:

«Մենք այս երկրում ոչ մի հրեայի նկատմամբ զուլում չենք արել, ոչ մի սինագոգում ձեր արածները չենք արել: Մեզ մի փորձիր, մենք այդ խաղերին չենք տրվելու, բայց դրա պատասխանը միջազգային հարթակներում ձեզանից պահանջելու ենք»,- ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Twitter-ի էջում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերյալ կոշտ գրառում էր կատարել, որտեղ մասնավորապես ասվել էր.

«Թուրքիայի նախագահը հարձակվում է Իսրայելի ժողովրդավարության վրա, մինչդեռ թուրք լրագրողները և դատավորները հայտնվում են թուրքական բանտերում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել