168.am-ը գրում է․

Apple կորպորացիան, ինչպես սպասվում է, մարտի 25-ին կներկայացնի հոսքային հեռուստատեսության եւ նորությունների վերաբերյալ ծանուցման նոր ծառայություններ: Այդ մասին հայտնել է The Verge ինտերնետ-պորտալը:

Ընկերությունը հայտարարել է, որ մարտի 25-ին մտադիր է անցկացնել շնորհանդես, իսկ թե ինչ է մտադիր նա ցուցադրել, պաշտոնապես չի ճշտվում: Հայտարարության մեջ միայն ասվում է, որ գալիս է «շոուի ժամանակը»: Միջոցառմանը հրավիրում են ԱՄՆ-ի մասնագիտացված առաջատար ԶԼՄ-ների լրագրողներին:

The Verge-ի աղբյուրների տեղեկությունների համաձայն, ընկերությունը կներկայացնի հոսքային հեռուստատեսության ծառայություն: Այն, ինչպես սպասվում է, հասանելի կդառնա արդեն այս գարնանը: Բացի այդ, ինչպես նշում է պորտալը, Apple-ը, ամենայն հավանականությամբ, կներկայացնի թարմացված նորությունների ծառայությունը: Այն, մասնավորապես, թույլ կտա դյուրացված համակարգով ձեւակերպել միանգամից մի ամբողջ շարք ԶԼՄ-ների, այդ թվում՝ թերթերի ու հանդեսների բաժանորդագրություն:

Հրապարակման մեջ արձանագրվում է, որ Apple-ը նաեւ կարող է ներկայացնել iPad պլանշետային համակարգիչների նոր մոդելներ եւ AirPods ականջակալներ: Apple-ի հասույթի մոտավորապես երկու երրորդը վերջին տարիներին բաժին է ընկնում iPhone սմարթֆոնների իրացմանը:

Ընկերության ներկայացուցիչներն ավելի վաղ քանիցս հայտարարել են այդ արտադրանքից կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտության մասին: Apple-ի ղեկավար Թիմ Քուկը, մասնավորապես, քանիցս նշել է, թե հույս ունի եկամուտներն ավելացնել տարբեր ծառայությունների հաշվին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել