Հաճախ մեզ թվում է, որ հայտնի մարդկանց կյանքը կատարյալ է, սակայն նրանց կյանքը մի շարք լուրջ թերացումներ ունի։ Հայտնի մարդիկ շատ հազվադեպ են կարողանում օրը միայնակ անցկացնել, քանի որ նրանց անընդհատ հետևում են թիկնապահները։ Որոշ աստղեր ունեն ընդամենը մեկ թիկնապահ, սակայն կան նաև այնպիսիք, ովքեր բավականին հեռուն են գնացել իրենց անվտանգության համար։

Բեյոնսե և Ջեյ Զի

Հայտնի ամուսնական զույգը հաճախ է ենթարկվում հարձակումների երկրպագուների կողմից։ On the Run ամառային շրջագայության ժամանակ անսթափ երկրպագուն կարողանում է բեմ բարձրանալ և վախեցնել աստղերին, սակայն թիկնապահները երիտասարդին հեռացնում են բեմից։ Այս շրջագայության ժամանակ էլ որոշում է կայացվում ավելի ուժեղացնելու անվտանգությունը։

Զույգն իրեն շրջապատում է անվտանգության 500 աշխատակիցներով։ Մի քանիսը միշտ գտնվում են նրանց հետ, մոտ 300 աշխատակից համերգների ժամանակ գտնվում է ամբոխի մեջ, իսկ 50 աշխատակից էլ ուշադիր հետևում է բեմին։ Սովորական կյանքում զույգի անվտանգությունը հսկում են 3 թիկնապահ՝ Ջուլիուս դե Բեյերի գլխավորությամբ։

Թոմ Կրուզ

Հայտնի դերասանն իրեն շրջապատում է լավագույն թիկնապահներով։ Երկար ժամանակ նրան և կնոջը հսկում էր երկու մետր  հասակ ունեցող Շոն Ռինգոլդը, որը վերջերս դարձել է դերասան։

Եվս մեկ թիկնապահ՝ Մարկ Բիլինգհամը, նախկին դիպուկահար է և հատուկ նշանակության զորքերի սպա։ Նա աստղի անվտանգությունն ապահովում է իր խմբի հետ, որի անդամները շատ նման են մարտաֆիլմի հերոսների։

Անջելինա Ջոլի

Դերասանուհին ունի 3 թիկնապահ։ Երկար ժամանակ նրա երեխաների անվտանգությամբ զբաղվում էր Մարկ Բիլլինգհամը՝ ով ավելի ուշ դարձավ Թոմ Կրուզի թիկնապահը։Տարիներ անց թիկնապահը այնքան էր մտերմացել երեխաների և Ջոլիի հետ, որ մեծ աջակցություն ցուցաբերեց Բրեդի Փիթի հետ բաժանվելու ժամանակ։ Ջոլիի և երեխաների անվտանգության տարեկան արժեքը կազմում է 2 միլիոն դոլար։

Ռիհաննա

Պաշտոնական միջոցառումների ժամանակ Ռիհաննային ուղեկցում են 5 թիկնապահներ։ Սովորական օրերին երգչուհին նախընտրում է քայլել երկու թիկնապահի հետ։ Հայտնի է, որ նա ոչ ֆորմալ և ընկերական հարաբերությունների մեջ է իր թիկնապահների հետ։ Երբեմն նրանք երգչուհուն ձեռքերի վրա են տանում, ինչպես նաև նստեցնում են ուսերին։

Դեյվիդ և Վիկտորյա Բեքհեմներ

Հայտնի ամուսնական զույգը միշտ գտնվում է երկրպագուների ուշադրության կենտրոնում, այդ պատճառով նրանք միշտ գտնվում են թիկնապահների հսկողության տակ։ Երեխաներին դպրոցից տուն տանելու համար Դեյվիդը  ճանապարհ է դուրս գալիս շքեղ զրահապատ Rolls-Royce-ով և երկու ուղեկցող մեքենաներով։ Ֆուտբոլիստն անկեղծանում է, որ երազում է առանց թիկնապահների իր ընտանիքի հետ քայլել այգում, սակայն հասկանում է, որ նրանց անվտանգությունն ամենակարևորն է։

Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ

Կողոպուտից հետո հայտնի զույգն ուժեղացրել է անվտանգությունը։ Հիմա Քիմը քայլում և ճանապարհորդում է երեք թիկնապահի ուղեկցությամբ։ Ուեսթը, ով նախկինում գերադասում էր միայնակ կամ մեկ թիկնապահի հետ քայլել, արդեն շրջավատված է երեք թիկնապահով։ Աստղերը տեղափոխվում են զրահապատ մեքենաներով, իսկ նրանց շուրջօրյա անվտանգությունն արժենում է 1,5 միլիոն դոլար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել