Armenpress.am-ը գրում է.

Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Արցախը բանակցային սեղան վերադարձնելու համար կարևորում է, որ միջազգային հարթակում մեր դեսպանատները, նաև խորհրդարանը իրազեկման աշխատանքներ կատարեն, բանակցություններ վարեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Արցախի ներկայացուցիչներին բանակցային սեղան վերադարձնելու համար չպետք է սպասել, որ ադրբեջանական կողմը տա իր համաձայնությունը, այլ պետք է միջազգային կողմի հետ աշխատանք կատարել: Այսօրվանից մեր դեսպանատները, խորհրդարանական դիվանագիտության բոլոր հարթակները պետք է օգտագործենք, աշխարհի բոլոր մայրաքաղաքներում, բոլոր միջազգային հաստատություններում տանենք իրազեկման աշխատանքներ, բանակցություններ, որ առանց Արցախի ներկայացուցչի վերադարձի, չեն կարող լինել արդյունավետ բանակցություններ, որը կարող է պտուղ տալ»,-ասաց Մարուքյանը:

Նա շեշտեց, որ Արցախը բանակցային սեղն վերադարձնելու մասով աջակցում են իշխանությանը: «Եվ ես կարծում եմ, որ Արցախի հիմնախնդրի հետ կապված Հայաստանում կա հստակ կոնսենսուս և աջակցություն օրվա իշխանությանը, որ այդ խնդիրը մինչև վերջ տարվի առաջ»,-եզրափակեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել