Ինչպես գիտենք, երեկ Արցախում կայացավ երկու հայկական պետությունների համատեղ Ազգային անվտանգության խորհրդի նիստը, որի ժամանակ հայտարարությամբ հանդես եկավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսօր էլ՝ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ, այս հարցի կապակցությամբ մեկնաբանություն և պարզաբանումներ տվեց նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ում խոսքը որոշ լրատվականներ միտումնավոր խեղաթյուրված են ներկայացրել, մի քանիսն էլ ուղղակի չեն ընկալել բուն միտքն ու արդյունքում ևս իրական ասելիքը չեն կարողացել ներկայացնել ընթերցողին: 

Ծառուկյանի այն հայտարարությունը, որ հանրության և ԲՀԿ-ի սպասելիքները որոշակիորեն չեն արդարացվել, և որոշ հարցականներ այս պահին առկա են, կապված էին Մինսկի խմբի համանախագահների հայտարարության վերաբերյալ ՀՀ-ի կողմից ոչ համարժեք հայտարարության հետ: Այսինքն՝ հայտարարությունը չի ամբողջացնում մեր պատկերացումները, կան որոշակի հարցականներ, որոնք, ինչպես հավելեց ԲՀԿ առաջնորդը, հնարավոր է՝ առաջիկայում իշխանությունների կողմից հավելյալ պարզաբանումներ տրվեն:

Իսկ ինչ վերաբերում է ԱԱԽՔ համատեղ նիստին, Ծառուկյանը դրական գնահատեց այն, քանի որ դա հարում է Արցախի շուրջ հայ ազգի միասնականության գաղափարին, որը ԲՀԿ-ի համար առաջնային և օրակարգային կարևորագույն թեմաներից մեկն է ինչպես նախընտրական փուլում, այնպես էլ դրանից հետո:

Գագիկ Ծառուկյանը բազմիցս է առիթ ունեցել ասելու, թե որքան կարևոր է այս հարցի շուրջ կոնսոլիդացիան, քանզի այդ միասնականության շնորհիվ է, որ կարելի է հասնել արդյունքի: Կրկին հղում անելով ԲՀԿ նախագահի խոսքին՝ «ուժեղի հետ են հաշվի նստում», պետք է արձանագրենք, որ, անկախ քաղաքական ու մարդկային հայացքներից, նման ազգապահպան հարցերի շուրջ պետք է լինենք միասնական և ուժեղ, դա է հաջողության բանալին, իսկ այս թեմայի շուրջ անիմաստ լարվածություն հրահրող ու «բզբզացող» լրատվականներին հորդորում ենք սթափվել։ Սա այն թեման չէ, որի ժամանակ կարելի է այլոց ձեռքով կրակից շագանակներ հանել, ինքներդ եք այրվելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել