Tert.am-ը գրում է.

15:29

Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման ժամանակ լարված իրավիճակ է ստեղծվել:

Երբ քաղաքապետարանի աշխատակիցները փորձում էին հոսանք միացնել և սկսել ապամոնտաժման աշխատանքները, սրճարանների աշխատակիցները սկսեցին հավաքել լարերը՝ վանկարկելով` ամոթ, ամոթ:

Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Անի Խաչատրյանը ցուցարարներին ասաց, որ պատասխանատու մեկը նրանցից մոտենա, և բանակցություններ սկսեն քաղաքապետարանի հետ: «Փորձենք հետաձգել մի քանի օր այս պրոցեսը, հասկանանք` ինչ է այս մարդկանց պահանջը»,- ասաց նա:

Ի վերջո, մի քանի ժամով դադարեցվեց ապամոնտաժումը, քանի որ աշխատանքները հնարավոր չէր շարունակել:

Համաձայնություն ձեռք բերվեց կենտրոնի թաղապետի և մեկ-երկու սրճարանների սեփականատերերի միջև, ապամոնտաժման աշխատանքները որոշ ժամանակով կդադարեն, իսկ այդ ընթացքում սրճարանների կողմից լիազորված իրավաբանը կբանակցի քաղաքապետարանի հետ:

Ապա Անի Խաչատրյանը տեղեկացրեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ժամը 18:00-ին Օպերայի հարակից տարածքի բոլոր սրճարանների ներկայացուցիչները քաղաքապետարանում քննարկման մասնակցեն:

Նա հավելեց, որ հիմա տեխնիկան դուրս է գալիս տարածքից:

14:59

Օպերայի հարակից տարածքի սրճարաններից մեկի՝ «Շոկալադնիցայի» մենեջեր Լաերտ Պողոսյանը Երևանի քաղաքապետարանի կողմից սրճարանների ապամոնտաժումն աշխատատեղերի քանդում է որակում։ Նա այսօր լրագրողների հետ զրույցում նկատեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ողջունում են, գնում են 50 աշխատատեղ ստեղծող հյուրանոցի բացմանը, փոխարենն առանց ափսոսալու 300-400 աշխատատեղ են փակում։

«Ինչքան մարդ է սոված մնում, մենակ աշխատատեղերը չեմ ասում, բա մատակարարները։ Արդեն մատակարարներն են բողոքում, ասում են՝ որ դուք փակվեք, բա մե՞նք, իրենք էլ են տուժելու, որովհետև այս սրճարաններում են ռեալիզացրել իրանց ապրանքը»,- ասաց նա։

Պողոսյանը նկատեց, որ իրենց և քաղաքապետարանի՝ տարածքի օգտագործման պայմանագիրը մինչև 2026 թվականն է․ «Ցանկացած բիզնես այստեղ ուզենանք անել, պետք է վախենանք, բա որ պայմանագիր կնքեն ու մի տարի հետո գան, բիզնեսը քանդեն։ Բա այս երկում ինչպե՞ս բիզնես անես, որ օրինական փաստաթուղթն իրենց համար հիմք չի։ Սրճարանի տնօրենը եկել, ասում է՝ թուղթը տուր, թե ինչի հիման վրա ես քանդում, քաղաքապետարանի աշխատողն ասում է, որ չունի։ Քաղաքապետարանը կարո՞ղ է գարանտիա տալ, որ այստեղ ոչ մեկը ոչ մի այլ բան չի անելու»,- շարունակեց Լաերտ Պողոսյանը։

Ինչ վերավերում է դիտակմանը, որ անօրինակ է կառույցը, և հիմա պետք է կանաչապատում լինի՝ ի շահ մայրաքաղաքի, Լաերտ Պողոսյանն արձագանքեց․ «Այսինքն՝ 30 տարի անօրինակա՞ն է եղել այս ամեն ինչը, 30 տարի հոսանքի համար վճարել ենք։ Ո՞ւմ է խանգարում, բոլորն էլ իրենց տարածքը կանաչապատել են, սրանից ավել էլ ի՞նչ կանաչապատում։ Քաղաքն այնքան շահ ունի, եկեք դա անենք։ Էդ քաղաքապետն իր տան դիմաց մի ծառ չունի, Հյուսիսային պողոտայում տուն ունի, բայց մի հատ ծառ չունի, դա նորմալ է՞։ Փոխանակ սա նայի, գնացել ուրիշի հացն է խլում։ Թող իրենց տնից սկսի, թող Հյուսիսային պողոտան քանդի, էդ նույն անօրինական տվողներ են իրան տուն տվել այդտեղ, բա ինչո՞ւ չի գնում էդ տունը քանդի, գնացել ուրիշ երկրում է ներդրում արել, որովհետև վախենում է, որ այստեղ ինչ-որ բան կլինի»,- եզրափակեց Լաերտ Պողոսյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել