Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը մարտի 12-ին ընդունել է  Բուլղարիայի Հանրապետության տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության նախարար Ռոսեն Ժելյազկովի գլխավորած պատվիրակությանը, ովքեր Երևանում մասնակցում են Առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի աշխատանքներին։
Ողջունելով ներկաներին՝ նախարար Հակոբ Արշակյանն անդրադարձել է երկու երկրների միջև պատմականորեն հաստատված բարեկամական հարաբերություններին, ընդգծել, որ ներկայում ևս կա մեծ ներուժ բազմաթիվ ուղղություններով այն զարգացնելու և խորացնելու համար։
Ռոսեն Ժելյազկովը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար,  անդրադարձել է հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին: Նա նշել է, որ բուլղարական պատվիրակությունը, որի կազմում են նաև գործարար շրջանակների ներկայացուցիչներ, հետաքրքրված են Հայաստանում  համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններով։
Հակոբ Արշակյանը ներկայացրել է համագործակցության մի շարք ուղղություններ, մասնավորապես, բարձր տեխնոլոգիաների, ինտերնետ կապուղիների, կիբերանվտանգության, գիտատեխնիկական ոլորտներում։
«Հայաստանի նոր կառավարությունը միտված է ակտիվորեն զարգացնելու կապերն այն երկրների հետ, որոնց հետ պատմականորեն ունեցել ենք բարեկամական և փոխգործակցային լավ հարաբերություններ։ Գիտատեխնիկական և տեխնոլոգիական ոլորտներում մենք ցանկություն ունենք առավել ակտիվացնելու գործակցությունը եվրոպական երկրների, ինչպես նաև աշխարհի մյուս պետությունների հետ»,- ընդգծել է նախարարը:
Հակոբ Արշակյանն անդրադարձել է նաև վերջերս Իրանում  ստորագրված հուշագրին, համաձայն որի՝ ստեղծվելու է Հայաստանի տարածքով Պարսից Ծոցի և Ասիայի երկրները Եվրոպային միացնելու ինտերնետ հասանելիության տարանցիկ կապուղի։ Նա ընդգծել է նաև, որ տեղեկատվական տեխնոլոգիաները և կիբերանվտանգությունը սահմաններ չունեն, դրանց շուրջ միավորվում են բոլոր երկրները, և այդ ուղղությամբ ևս կա  համագործակցության մեծ ներուժ։
Ռոսեն Ժելյազկովը Հակոբ Արշակյանին է ներկայացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում Բուլղարիայի վերջին տարիների ընթացքում գրանցված ձեռքբերումները, ընդգծել այդ ոլորտում երկու երկրների տաղանդավոր մասնագետների առկայության փաստը, համագործակցության լայն հեռանկարների հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների, ավիափոխադրումների ոլորտներին։  Ռոսեն Ժելյազկովը տեղեկացրել է բուլղարական կողմի պատրաստակամության մասին՝ բեռնափոխադրումների ընթացքում երկկողմ թույլտվությունների ավելացման վերաբերյալ։
Նա ընդգծել է բուլղարական կողմի հետաքրքրվածությունը Եվրոպայից Հայաստանի տարածքով  դեպի Իրան մուլտիմոդալ փոխադրումներ կատարելու վերաբերյալ։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտի մասնագետների և պատասխանատուների մասնակցությամբ ներկայացված բոլոր թեմաների շուրջ առաջիկայում կազմակերպել ընդլայնված քննարկումներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել