Համր ֆիլմերի արտադրության դարաշրջանում հետաքրքիր օրինաչափությամբ աշխարհի տարբեր երկրներում հայ ժողովրդի, որը չուներ սեփական կինեմատոգրաֆիան, որոշ ներկայացուցիչներ հայտնի կինոդերասաններ դարձան՝ խաղալով հիմնականում արևելյան, կովկասյան կամ ռուս հերոսների դերեր: Համո Բեկնազարյանն ու Վահրամ Փափազյանը Ռուսաստանում, Աշո Շախատունին Ռուսաստանում և Ֆրանսիայում, Լևոն Հարությունյանը և Մարտիկ Սվաջյանը Ֆրանսիայում, Հովսեփ Հովսեփյանը ԱՄՆ-ում կերտեցին իրենց յուրօրինակ դերերը: Այս ցանկում հարկ է ներառել նաև դերասան Հարութ Վարդանին, ում իրական անունը Հարություն Վարդանյան էր:

Հարութ Վարդանի մասին քիչ բան է հայտնի: Նա ծնվել է 1880 թ. հունիսի 23-ին Նախիջևանում՝ հայկական պատմական Գողթն գավառում, որը հնուց հայտնի է որպես երաժիշտների և արտիստների անկյուն: Միջնակարգ կրթությունը ստացել է Թիֆլիսում՝ 1898 թ. ավարտելով դպրոցը, որից հետո կարճ ժամանակ բժշկություն է ուսումնասիրել Խարկովում: Անհայտ է, թե ինչպես է դարասկզբում նա որոշ ժամանակով հայտնվել Ճապոնիայում, ապա՝ Սանկտ Պետերբուրգում, որտեղ պատրաստվում էր համալսարան ընդունվել: Սակայն 1905 թ. անհաջող հեղափոխությունից հետո նա կրկին հեռանում է Ռուսաստանից և հայտնվում գերմանական Ֆրայբերգում, որտեղ ընդունվեց Հանքարդյունաբերության և տեխնոլոգիաների համալսարան, ինչպես նաև սկսեց զբաղվել սպորտի մի քանի տեսակով միաժամանակ: Հաջորդ տարի Հարութ Վարդանն ուսումնական ուղևորության շրջանակներում գնաց Հարավայի Ամերիկա, եղավ Չիլիում և Բոլիվիայում: Ամենայն հավանականությամբ,  նա առաջին հայն էր, որն այցելել է այդ երկրներ: Գերմանիա վերադառնալուց հետո նա 1909 թ. ավարտում է ուսումնառությունը և որպես հանքարդյունաբերող-ինժեներ աշխատանքի է անցնում «Կրուպ» ընկերությունում:

Արևելյան արտաքինով և սպորտային կառուցվածքով այս գրավիչ տղամարդուն նկատեցին կինեմատոգրաֆիստները, և 1916-ից սկսած մինչև կյանքի վերջը Հարութ Վարդանը ինչպես թատրոնում, այնպես էլ կինոյում զբաղվել է դերասանական արվեստով: Արդեն 1916-ին նա հինգ ֆիլմում էր նկարահանվել: 1910-20-ական թվականներին նրան գլխավոր դերեր էին վստահում, իսկ էկրանին նրա գործընկերներն էին այնպիսի հանրահայտ դերասաններ, ինչպիսիք էին Աստա Նիլսենն ու Պոլա Նեգրին: Ավելի ուշ նա նաև սկսում է պրոդյուսերությամբ զբաղվել և ֆիլմեր նկարահանել: Վարդանը երկու կինոնկարի ռեժիսոր դարձավ՝ «Ճահճի եզրին» (1918) և «Հաղթողը» (1919), որտեղ նրա հետ միասին նկարահանվում էր կինը՝ դերասանուհի Լու Սինդը (1886-1978): Դերասանական կարիերայի գագաթնակետին Հարութ Վարդանը հասել է 1920-ականներին, երբ նկարահանվում էր բազմաթիվ հայտնի կինոնկարներում՝ «Կատարինա Կարաշկին», «Կենդանի պրոպելերը», «Բեռլինի փողոցային աղջիկը», «Վոլգա, Վոլգա», «Փախուստ դժոխքից», «Կեսգիշերային տաքսի», «Նրա լավագույն ընկերը» և այլն: Վարդանի ֆիլմոգրաֆիայում հաշվարկվում է 100 կինոնկար, որոնցում նա հիմնականում խաղացել է ծովահենների, արաբների, ռուսների, իտալացիների, իսպանացիների դերեր:

Ինչպես և Աշո Շախատունու դեպքում, ձայնային կինոն խանգարեց նաև Հարութ Վարդանի կարիերային, քանի որ արդեն անհրաժեշտ էր տվյալ երկրի լեզվով մաքուր ու հստակ խոսել: Նացիզմի ժամանակաշրջանում Վարդանն արդեն փոքրիկ դերեր էր խաղում այնպիսի քարոզչական ֆիլմերում, ինչպիսին էր, օրինակ, ռեժիսոր Ֆրից Կիրշհոֆի «Հարձակումներ Բաքվի վրա» ֆիլմը (1942):

Վարդանի վերջին դերերից մեկը՝ Յոզեֆ ֆոն Բաքիի «Մյունհաուզեն» ֆիլմում Եմելյան Պուգաչևի դերն էր (1943): Նրա մասնակցությամբ վերջին ֆիլմը՝ «Մարդը թամբի մեջ», էկրանին է հայտնվել դերասանի մահվան տարում՝ 1945-ին: Հարութ Վարդանը մահացել է ապրիլի 14-ին ինսուլտի հետևանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել