Armsport.am-ը գրում է.

2018 թվական, մայիսի 31. Երկարատև ու ծանր խոսակցություններից հետո Մադրիդում «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ու ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը եկան մամուլի ասուլիսի, որտեղ ֆրանսիացին կարևոր հայտարարություն ուներ անելու.

«Ես հեռանում եմ: Այս ակումբն ինձ շատ բան է տվել: Իմ որոշումը կարող է տարօրինակ թվալ, սակայն ինձ համար այն հասկանալի է:

Ես չեմ ասում հաջողություն, այլ ասում եմ՝ «Մինչ նոր հանդիպում»»

Զիդանի հեռանալուց հետո 9 ամիս է անցել: Այս ընթացքում Մադրիդում տեղի է ունեցել ամեն ինչ և այդ ամենի մեջ դրական շատ քիչ բան կար: Ամոթալի պարտություններ «Բարսելոնայից», խայտառակություն Չեմպիոնների լիգայում, տապալած մրցաշրջան…

Այս ամենը ստիպեց «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսին 2019 թվականի մարտի 11-ին կրկին մամուլի ասուլիս հրավիրել և հայտարարել.

«Ուրախ եմ տեղեկացնել, որ աշխարհի լավագույն մարզիչը վերադառնում է «Ռեալ»»:

Նա հեռացավ Պերեսի պատճառով, վերադարձավ հանուն «Ռեալի»

Ինչու Զիդանը հեռացավ և ինչը ստիպեց նրան այսքան շուտ վերադառնալ: Ֆրանսիացու հեռանալը շատերի համար տարօրինակ էր ու լիովին անսպասելի: Կարծես, ոչինչ չէր խոսում այն մասին, որ մարզիչը կլքի ակումբը:

Զիզուն դժվար որոշում կայացրեց: Բոլորին է հայտնի, որ նա և Պերեսը ունեին մի շարք տարաձայնություններ: Զիդանը մրցաշրջանից հետո ցանկանում էր խոշոր վերափոխումներ կատարել, ինչին Պերեսը դեմ էր: Իսպանացի գործարարը համառ էր ու վստահ, որ Զիդանը կկարողանա հաջողության հասնել նույն կազմով: Մարզիչը հասկացավ, որ անիմաստ է վիճել Պերեսի հետ ու ընտրեց հեռանալու տարբերակը: Հեռանալ՝ թիմի ճակատագիրը թողնելով բախտի քմահաճույքին…

9 ամիս անց, ըստ երևույթին, Զիդանը զգաց, որ լիովին տապալված մրցաշրջանում նա նույնպես իր մեղքի բաժինն ունի: Զիդանը հասկացավ, որ չի կարելի սիրելիին թողնել հենց այնպես՝ ճանապարհի կեսին, որքան էլ նրա հետ ֆանտաստիկ արդյունքներ ես գրանցել ու նվաճել բացառապես ամեն ինչ:

Երրորդ անընդմեջ ՉԼ-ն նվաճելուց հետո բոլորին էր հետաքրքիր, թե «Ռեալն» ինչպե՞ս է շարունակելու զարգանալ, ինչպե՞ս է խաղալու, ովքե՞ր են լինելու թիմի գլխավոր դերակատարները, արդյո՞ք այս կազմը կշարունակի հաղթել, թե՞ կգան նոր անուններ:

Մի շարք բարդ հարցեր ու խնդիրներ, որոնք Զիդանը թողեց: Նա որոշեց սովորական երկրպագուի պես կողքից հետևել, թե ինչպես է «արքայական» ակումբը լուծելու իր առջև դրված հարցերը: Այդպես նա, ըստ ամենայնի, դիմացավ 9 ամիս: Անսահման սերը դեպի «Ռեալը» ստիպեց Զիզուին տուն վերադառնալ:

«Ռեալի» նկատմամբ պարտավորություն զգալը ստիպեց Զիդանին ձեռք մեկնել «սերուցքայիններին»: Չեմ զարմանա, եթե օրերից մի օր պարզ դառնա, որ հենց նա է զանգահարել Պերեսին ու առաջարկել իր օգնությունը: Հիմա նա եկել է ու պետք է ընդգծի այն փաստը, որ 3 անընդմեջ Չեմպիոներիի լիգան ու ֆանտաստիկ ֆուտբոլը «Ռեալը» խաղում էր իր շնորհիվ:

Սխալը հասկանալու համար Պերեսին պետք էր 9 ամիս ու երկու անհաջող մարզիչ

Պերեսն ու Զիդանը նախորդ մրցաշրջանից հետո ունեին մի շարք քննարկելիք հարցեր: Ակումբի նախագահն իր դիրքորոշումն ուներ, մարզիչը՝ իր: Երկար քննարկումները բերեցին նրան, որ Զիդանը հեռացավ: «Ծերուկը» վստահ էր, որ առանց այդ ամենի էլ «Ռեալը» «Ռեալ» է ու չի ձախողվի:

9 ամիս անց Պերեսը հասկացավ, որ սխալվել է: Թե ինչ հարցերի շուրջ տարաձայնություններ ունեին Պերեսն ու Զիդանը, կարծում եմ, հայտնի է շատերին: Թոփ դարպասապահ, Գարեթ Բեյլի ապագա, Նեյմարի տրանսֆեր, արմատական փոփոխություններ և վերջապես Էդեն Ազար:

Սրանք հիմնական հարցերին էին: Պերեսը երևի զգաց, որ Կուրտուային ձեռք բերելն առաջնային չէր թիմի համար, Բեյլը երբեք չի դառնա նոր Ռոնալդու, իսկ արմատական փոփոխություններ ոչ թե պետք է, այլ պարտավոր է կատարել նախագահն ակումբի կազմի հարցում:

Marca-ն հայտնում է, թե վերադառնալիս ինչ պայմաններ է դրել Պերեսի առջև Զիդանը:

Լիովին վերահսկում թիմի նկատմամբ

Վաճառել այն ֆուտբոլիստներին, որոնք պետք չեն թիմին

Մարսելոն և Իսկոն չեն վաճառվում

Նեյմարը չի գա Մադրիդ, Խամեսը՝ նույնպես

Պետք է ամեն գնով ձեռք բերել Մբապեին

Ահա և այն պայմանները, որոնց Պերեսը «այո» է ասել, երևի նաև ներողություն խնդրել, որ այդ ամենը չի հասկացել նախորդ ամռանն ու մինչև 2022 թվականը պայմանագիր է կնքել Զիդանի հետ:

Զիդանին վերադարձնելով` Պերեսը խոստովանեց, որ սխալվել է: «Ռեալի» կատաստրոֆիկ վատ մրցաշրջանի մեջ մեղքի ամենամեծ բաժինը հենց նրանն է: Նա չհամբերեց նույնիսկ մինչև մրցաշրջանն ավարտվի և հենց այժմ «Սանտիագո Բեռնաբեու» վերադարձրեց Զիդանին: Սա արդեն խոսում է այն մասին, որ նախագահը պատրաստ է գնալ ցանկացած քայլի, միայն թե «Ռեալը» կրկին նմանատիպ մրցաշրջան չունենա:

Հիմա Զիդանի կարիերայում սկսվում է ամենաբարդը՝ ավելի բարդ, քան 3-րդ անգամ անընդմեջ ՉԼ տիտղոսը նվաճելը: Նա պետք է ոտքի հանի իր սիրելիին: Եթե դա հաջողվի, ապա այլևս ոչ ոք իրավունք չի ունենա քննարկելու Զիդան-մարզչի մեծությունը: Եթե հիմա կան մարդիկ, որոնք կասկածում են Զիդանի՝ փայլուն մարզիչ լինելու հարցում, ապա դրանից հետո ոչ ոք այլևս խոսելու տեղ չի ունենա:

Դե ինչ, կապեք ամրագոտիները, «Ռեալը» պատրաստվում է նոր թռիչքի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել