«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը փոթորիկ առաջացրեց քաղաքական դաշտում: Թեև, եթե անկեղծ լինենք, երեկվա հայտարարության մեջ չկար որևէ արտառոց միտք, որը նախկինում չէր հնչել: Հայտարարության մեջ ներկայացված մտքերը մի փոքր այլ ձևակերպմամբ պարբերաբար կրկնել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց հերթին, համանախագահ երկրների նախագահներն ու ԱԳ նախարարներն իրենց հերթին, նաև նախկինում էլ են ներկայացրել (ընդ որում, ամեն անգամ բարձրաց­նելով աղմուկ, կարծես այդ մասին խոսվեց առաջին անգամ): 

Անգամ ԼՂ խնդրի՝ բանակցային սեղանին գտնվող ընդհանուր սկզբունք­ներն էին նախկինում ևս հրապարակվել, այն էլ՝ մի քանի անգամ: Պատահական չէ, որ հայտարարության մեջ կոնկրետացված էր՝ խնդրի լուծումը «պետք է նաև ներառի լրացուցիչ տարրեր, որոնք 2009-2012 թվականներին առաջարկել են համանախագահ երկրների նախագահների կողմից»:

Տեղի ունեցածի միակ նորույթն այն էր, որ համանախագահներն իրենց այդ հայտարարությունը (որոշ­ակի մանրամասներով) Փաշինյանի պաշտոնավարման այս ընթացքում առաջին անգամ են անում, այն էլ՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանն ընդառաջ:

Հենց այս հայտարարությանը հետևեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ստեփանակերտ, որտեղ նա հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին, միաժամանակ Արցախում անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է անցկացվելու:

Ու այս ողջ իրադարձությունների համատեքստում հատկանշական է Ղարաբաղի ԱԳՆ հայտարարությունը, որտեղ նրանք կարծես առաջին անգամ միջազգային փաստաթղթերին հղում անելուց հետո հստակ պնդում են բանակցային սեղան վերադառնալու իրավուն­քը. «Ցավալի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անհրաժեշտ սկզբունքայնություն չեն ցուցադրում եռակողմ բանակցա­յին ձևաչափի վերականգնման համար, որը համապատասխանում է ԵԱՀԿ բարձրագույն մարմնի որոշմանը»»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել