«Հայաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի շաբաթի շրջանակում Հայաստան այցելած կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը Երևանում մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին հետաքրքրում է խաղաղությունը կովկասյան ռեգիոնում, և ՆԱՏՕ-ն բոլոր կողմերին հայտնում է, որ Արցախի հարցը ռազմական լուծում չունի:

Երևանում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի հայտարարությունը փաստացի նախազգուշացում է Ադրբեջանին, որը Երևանում ՆԱՏՕ-ի շաբաթվան զուգահեռ անցկացնում է խոշորագույն զորավարժություն, ընդ որում՝ առանց դրա մասին պատշաճ միջազգային իրազեկման: Կովկասի խաղաղության և կայունության հեռանկարով ՆԱՏՕ-ի հետաքրքրությունը անկասկած պայմանավորված է ոչ թե մարդասիրական և խաղաղասիրական իդեալներով, ավելի ճիշտ կլինի ասել՝ ոչ միայն խաղաղասիրական իդեալներով և մարդասիրությամբ, այլ նաև գործնական քաղաքականության միանգամայն ռացիոնալ հանգամանքներով:

Կովկասի խաղաղության վտանգումը բերելու է ամբողջ միջազգային անվտանգության համակարգի խեղման՝ նկատի ունենալով այն, որ Կովկասը գործնականում ոչ միայն Մերձավոր Արևելք չէ և ավելի մոտ, ուղղակի սահմանակից է Եվրաատլանտյան տիրույթին, այլ դե ֆակտո այդ տիրույթի մաս է իր քաղաքական կազմությամբ և բաղադրությամբ, թեև աշխարհագրորեն դուրս է Կովկասից:

Պատերազմը Կովկասում նշանակում է պատերազմ Եվրոպայում, ընդ որում՝ պատերազմ, որտեղ անմիջական ներկայացվածություն ունեն Թուրքիան և Ռուսաստանը: Ընդ որում, այդ պատերազմը կամ շարունակվելու է Եվրամիության սահմանին անվերջանալի նոր քաոսով, կամ էլ, մեծ հաշվով, ավարտվելու է Թուրքիայի հաղթանակով:

Ու թեև Անկարան ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն դա լինելու է հաղթանակ նաև ՆԱՏՕ-ի նկատմամբ՝ հենց ՆԱՏՕ-ին անդամությունը հաշվի առնելով:

Կովկասում պատերազմն այդ իմաստով ծուղակ է լինելու ՆԱՏՕ-ի համար, և Եվրաատլանտյան հանրությունն իր արդեն էլ ավելի անմիջական քթի տակ ունենալու է Ռուսաստանին հաղթած Թուրքիա, որը դե ֆակտո տնօրինելու է մինչև Հեռավոր Արևելք ու Չինաստան տնտեսա-քաղաքական տարածությունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել