Շոումեն Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի նախագահի թեկնածուների վարկանիշի առաջատարն է. նրա օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 24,7 տոկոսը, 18,3 տոկոս ցուցանիշով երկրորդ տեղում է «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն, երրորդում՝ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն, որի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 16,8 տոկոսը: Այդ մասին վկայում են «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի կողմից անցկացված հետազոտության տվյալները:

Հարցման տվյալների համաձայն, որոնք ավելի վաղ հրապարակել է Վերլուծության և կանխատեսման ինստիտուտը, մարտի 4-ի դրությամբ Զելենսկուն պատրաստ էր աջակցել երկրի քաղաքացիների ավելի քան 25 տոկոսը, Տիմոշենկոյին՝ 17,9 տոկոսը, Պյոտր Պորոշենկոյին՝ 15,4 տոկոսը: Հերթական նախագահական ընտրություններն Ուկրաինայում անցկացվելու են մարտի 31-ին: «Նախագահական վարկանիշի առաջատարը Զելենսկին է, որին աջակցում է այն քաղաքացիների 24,7 տոկոսը, որոնք կողմնորոշվել են թեկնածուի հարցում և մտադիր են քվեարկել: Երկրորդ դիրքն զբաղեցնում է Տիմոշենկոն (18,3 տոկոս), երրորդը՝ Պորոշենկոն (16,8 տոկոս)»,- ասված է ուսումնասիրության տեքստում, որը մարտի 11-ին հրապարակվել է «Ռեյտինգ»-ի կայքում:

Հետազոտությունը 2019 թվականի մարտի 1-ից մինչև 7-ն անցկացվել է Ուկրաինայի բոլոր մարզերում՝ բացառությամբ Կիևի կողմից չվերահսկվող Դոնբասի տարածքի: Հարցմանը մասնակցել է 18 և ավելի բարձր տարիքի հինգ հազար քաղաքացի: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 1,5 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել