Panorama.am-ը գրում է.

Այս օրերին աշխարհում մոլեգնում է կարմրուկի համաճարակ, սակայն Հայաստանում կարմրուկի բռնկման վտանգ, համաճարակային վիճակ չկա։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

Նա նշեց, որ 2007 թվականից սկսած հանրապետությունում կարմրուկի հիվանդացության տեղական փոխանցման դեպքեր չեն գրանցվել՝ շնորհիվ պաստավաստումների։

«Վերջին բռնկումը Հայաստանում գրանցվել է 2004-2005 թթ-ին։ Այդ դեպքերը հիմնականում գրանցվում էին ուսանողների շրջանում և ունեցանք մոտ 4500 կարմրուկի դեպք։ Դրանից հետո պատվաստումների միջոցով կարողացանք հասնել նրան, որ 2007 թվականից կարմրուկի տեղական դեպքերի փոխանցումը դադարեցվեց»,- ընդգծեց Գայանե Սահակյանը։

Այդուհանդերձ, ըստ նրա,  գրեթե ամեն տարի մեր երկրում գրանցվում են կարմրուկի բերովի դեպքեր, սակայն Հայաստանում այն տեղական տարածում չի ստանում։

Գայանե Սահակյանը հայտնեց, որ 2019 թվականին Հայաստանում գրանցվել է կարմրուկի բերովի 2 դեպք։ Կարմրուկի առաջին բերովի դեպքն արձանագրվել է փետրվարի 24-ին Կիևից ժամանած Ուկրաինայի քաղաքացու մոտ, իսկ երկրորդ բերովի դեպքը Հայաստան է ժամանել փետրվարի 20-ին՝ Բրյուսելից՝ Վրաստանով։ Երկու դեպքում էլ հիվանդներն ունեցել են բազմաթիվ մարդկանց հետ շփումներ, որոնց ինքնությունը հնարավոր չէ պարզել (հիվանդանոցների սպասասրահ, հետազոտությունների համար սպասող անձինք, թռիչքի ժամանման սրահում բազմաթիվ սպասողներ և այլն):

«Ուկրաինուհին բավականին ուշ է դիմել բուժհաստատություն։ Նա Հայաստան է ժամանել փետրվարի 24-ին, բուժհաստատություն է դիմել մարտի 1-ին և բազմաթիվ շփումներ, հանդիպումներ է ունեցել, ուստի չի բացառվում, որ այդ մարդկանց շրջանում կունենանք կարմրուկի տարածում։ Վրաստանի 28-ամյա քաղաքացին ևս ունեցել է մեծ թվով շփումներ, այդ թվում՝ ուսանողների հետ, ուստի կանխատեսում ենք, որ նոր դեպքեր կունենանք, սակայն բոլոր կանխարգելիչ միջոցառումներն իրականացնում ենք, կոնտակտների շրջանակում պաստավաստումներ են արվում, որպեսզի հիվանդացության շրջանակը փոքրանա»,- ասաց Գայանե Սահակյանը։ 

Նրա խոսքով՝  ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը վերջերս հայտարարել է, որ ամբողջ աշխարհում կարմրուկի առումով իրավիճակը տագնապալից է,  քանի որ շատ երկրներում կարմրուկի տեղական դեպքերը վերացել էին։  Օրինակ, ԱՄՆ-ում վերջին 20 տարում կարմրուկի տեղական դեպքեր չէին գրանցվել։ Սակայն վերջին երկու-երեք տարիներին ԱՄՆ-ում կարմրուկի բռնկման դեպքեր են արձանագրվել։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել