«Չորս ավետարան հայերենով» XII դարի հայկական ձեռագիրը համարվում է Բրիտանական ազգային գրադարանի (The British Library)՝ յուրօրինակ գրքերի աշխարհում ամենահայտնի պահոցի գանձը։

Խորհրդավոր հայկական ձեռագիրը, որը կազմված է 310 էջից, ստեղծվել է հայ հոգևորական Սիմեոնի կողմից։

«Հայերենով գրված ձեռագիրը պալեոգրաֆիայի գլուխգործոցներից է։ Այն պատմում է Նազարեթից Հիսուսի կյանքի մասին, ով Իսրայելում քրիստոնեություն էր քարոզում հռոմեական շրջափակման ժամանակ, ինչպես նաև պատմում է Քրիստոսի խաչելության և հարության մասին»,- հայտնում է Բրիտանական գրադարանի պաշտոնական կայքը։

Նշվում է, որ ձեռագիրը համառորեն կարելի է համարել բարձր գեղարվեստական արժեք ունեցող աշխատանք՝ շնորհիվ դրա արտաքին տեսքին։ Դրանում հատկապես առանձնանում է կարմիր գույնը, որը ձեռագրի ստեղծողն օգտագործել է յուրաքանչյուր Ավետարանի առաջին տողերը և գլուխների վերնագրերը գրելու համար։

Տեքստի տառատեսակը համապատասխանում է հայկական երկաթագրին, որը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը։ Երկաթագիրը հայկական ամենահարգի գրատեսակն է։

Գրքի նկարագրությունում նշվում է նաև, որ տեքստը գրվել է դասական հայերենով, որի այբուբենով կարելի է անդադար հիանալ։

Ձեռագիրը բովանդակում է կրոնական թեմաներով յուրահատուկ պատկերներ, ինչպես նաև առաջին հայ կաթողիկոսի՝ Գրիգոր Լուսավորչի պատկերը։

Ինչպես հայտնում է Բրիտանական գրադարանը, երկար ժամանակ՝ մինչև 1442 թ., ձեռագիրը պատկանել է ոմն Հասանի։ Սակայն վկայություն չկա այն մասին, թե որտեղ է գտնվել ձեռագիրը մինչև 1854 թ., երբ Բրիտանական գրադարանն այն ձեռք բերեց կոլեկցիոներ Ուիլմ Բեյքերից, ով գիրքը ստացել էր իր՝ պատմական Հայաստան այցի ժամանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել