ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 11-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը:

ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում Ամերիկայի հայկական համագումարի ներդրած նշանակալի ավանդը, ինչպես նաեւ երկարամյա հայրենանպաստ գործունեությունը: Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ համագումարն այսուհետ եւս կշարունակի ազգանվեր գործունեությունն ի նպաստ Հայաստանի եւ համայն հայության:

Էնթոնի Բարսամյանը ներկայացրել է Ամերիկայի հայկական համագումարի կողմից իրականացվող ծրագրերն ու աշխատանքները:

Կողմերն անդրադարձել են դինամիկ զարգացող հայ-ամերիկյան հարաբերություններին, դրանց ամրապնդման ու խորացման հնարավորություններին, համահայկական կարեւորություն ունեցող խնդիրների լուծման հարցում համագումարի գործունեությանն ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ միջազգային կառույցներում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղիների վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել