168.am-ը գրում է.

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հետ

– Պարոն Վարդանյան, կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծն արդեն հավանության է արժանացել գործադիրի նիստում և ուղարկվել Ազգային ժողով: Սակայն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (E-draft) նախագիծը լուրջ քննադատության է ենթարկվել, դժգոհությունները հիմնականում Մշակույթի, Սփյուռքի և Գյուղատնտեսության նախարարությունների վերակազմավորումն է ու այլ գերատեսչություններին միացնելը: Ձեր կարծիքով՝ արդյոք դա ճի՞շտ է:

– Կառավարությունն ինքը պետք է որոշի իր գործունեության համար առավել արդյունավետ կառուցվածքը: Եվ այն հիմնավորումները, որոնք կներկայացվեն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում, թույլ կտան կողմնորոշվել, թե արդյոք այդ կառուցվածքն իրո՞ք համապատասխանում է այն գործառույթներին, որոնք կառավարությունը հանձն է առել իրականացնելու, թե՞ ոչ:

Այս պահի դրությամբ նախագծի վերաբերյալ տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ կարող են արտահայտել՝ դրական կամ բացասական, բայց մեզ դեռ պաշտոնապես չի ներկայացվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքը և այդ օրենքից, ենթադրում եմ, բխող հարակից փաստաթղթերի փաթեթը, և դրա հետ կապված՝ մենք որևիցե դիտարկում անել չենք կարող: Որովհետև նախագիծն այնպիսի առաձնահատկություն ունի, որ մեկ բառը փոխելուց հետո այն ըստ էության վերածվում է նոր փաստաթղթի:

E-draft-ին հետևել եմ, գիտեմ, որ արձագանքները տարբեր են, բայց սա միակ օրենքը չէ, որի վերաբերյալ արձագանքները տարբեր են լինում: Ի վերջո, չպետք է մոռանանք, որ սա՝ որոշակի առումով՝ թե՛ նորմատիվ իրավական ակտի առումով, թե՛ օրենքի, թեև կարգավորում է կարևորագույն հարաբերություններ, բայց սա վերաբերում է կառավարության գործունեության առանձնահատկություններին: Եվ այս տեսանկյունից կառավարությունն ինքը պետք է որոշի այն օպտիմալ ձևը, որով ինքը նախատեսում է իրականացնել կառավարության ծրագիրը:

 Ընդհանրապես, կրճատումներ հետ կապված սոցիալական բունտ սպասվո՞ւմէ, թե՞ ոչ: Նման մտավախություն կա՞:

– Կրճատումների հետ կապված սոցիալական նեգատիվ էներգիա է ծնվում, բայց դրան զուգահեռ՝ պետք է հստակ ասենք, որ մենք նաև օպտիմալացումը՝ որպես այդպիսին, չենք կարող դիտել՝ որպես ինքնանպատակ գործընթաց: Դրա նպատակն է՝ կրճատելով որոշ հատվածներում որոշ հաստիքներ, հնարավորություն ընձեռել այլ հաստիքներում աշխատողների աշխատավարձերը բարձրացնել, ստեղծել նոր հաստիքներ: Իհարկե, չափազանց բացասական երևույթ է, երբ անձն առանց աշխատանքի է մնում և համալրում գործազուրկների շուկան, բայց մենք ևս պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պետական ծառայությունից դուրս աշխատաշուկան այն աստիճանի հագեցած լինի, որ մարդն իր աշխատանքային զբաղվածության հետ կապված հարցերը չկապի միայն պետության հետ:

Ցավոք, այսօրվա դրությամբ մենք շատ դեպքերում ունենք պետական կառավարման համակարգում աշխատող մարդիկ, որոնք իրենց ոչ մի կերպ չեն պատկերացնում համակարգից դուրս: Մասնակիորեն դա օբյեկտիվ է, կան մասնագիտություններ, որոնց պարագայում դժվար է պետական կառավարման ապարատից դուրս ինչ-որ մի մասնագիտական աշխատանք ակնկալել:

Շատ տեղերում դա սուբյեկտիվ է, որովհետև մարդը չի էլ փորձում ձգտել որոնել որևէ այլ աշխատանք, նույնիսկ ավելի բարձր վարձատրվող, որն առկա է աշխատանքի շուկայում: Շատ դեպքերում դա պայմանավորված է նաև նրանով, որ այս կամ այն անձը երկար տարիներ զբաղեցնելով այս կամ այն պաշտոնը, լճացել է, չի աշխատել իր վրա, և հիմա, իրոք, այդ աշխատանքը կորցնելու վտանգը շատ մեծ է:

Մենք չպետք է մոռանանք, որ այստեղ այդուհանդերձ՝ անկախ նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում պաշտպանված է Աշխատանքային օրենսգրքով, քաղաքացիական ծառայության մասին և այլ օրենքներով, որոնք կարգավորում են աշխատանքային իրավահարաբերությունները:

Այստեղ ամենավտանգավորն այն է, որ թույլ չտանք ոչ հավասարաչափ մոտեցում այս կամ այն աշխատողի հանդեպ: Խոսքը վերաբերում է կրճատումներին, որոնք պետք է վերաբերեն նույն կատեգորիայի մարդկանց: Այսինքն, նույն կատեգորիայում մենք կամայական սկզբունքով չպետք է կրճատենք այս կամ այն պաշտոնը, կամ աշխատակցին: Պետք է լինի միասնական մոտեցում: Կրճատումները լավ բան չեն, բայց կա նաև մասնավոր սեկտոր, և, եթե դա անհրաժեշտ է ամբողջ տնտեսությունը պահպանելու համար, ապա դա ցավոտ, բայց անհրաժեշտ միջոցներից մեկն է:

Եվս մեկ անգամ նշեմ, որ ես կրճատումների կողմնակից չեմ, բայց լինում են դեպքեր, երբ սա էլ է միջոց պետական ապարատը, տնտեսությունն ավելի արդյունավետ դարձնելու, ավելի առողջացնելու համար՝ խուսափել կրկնակի գործառույթների կատարումից, խուսափել աշխատանքի կատարումից, որն արդեն բավական երկար ժամանակ կորցրել է իր արդիականությունը: Ահա այսպիսի խնդիրներ կան, որոնց մասին մենք չպետք է մոռանանք:

– Օպտիմիզացիայի շրջանակներում պետության շահը քաղաքացու շահիցգերադասելը ճի՞շտ է:

– Մշտապես պետք է ապահովել պետության, հասարակության և անհատի հարաբերությունների միջև բալանսը: Բայց եթե չօպտիմիզացնելու պայմաններում մենք ունենալու ենք խնդիր, երբ պետության հետագա գործունեությունն է խաթարվելու, կամ հասարակությունը չի կարողանալու պետությունից ստանալ այն ամենը, ինչ անհրաժեշտ է, ապա այստեղ մենք պետք է չափազանց զգուշավոր լինենք: Այսինքն, մոտեցումը հետևյալն է, որ որևիցե շահ բացարձակ չէ՝ ոչ պետականը, ոչ հասարակականը, ոչ էլ անհատինը, դրանք փոխկապակցված են, և դրանց միջև հավասարակշռություն ապահովելու միջոցով է հնարավոր ապահովել Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված կարևորագույն սկզբունքների իրականացումը՝ իրավական, սոցիալական և ժողովրդավարական պետության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել