Քանի որ նախորդ գրառումս մի քիչ բարդ մաթեմատիկա է Նիկոլի էլեկտորատի գոնե մի մասի համար, թերևս կարիք կա մի քանի պարզ, բայց երևի թե քիչ բարձրաձայնված իրողությունների մասին հիշեցնել՝ կապված Արցախյան հիմնախնդրի ու բանակցային գործընթացի հետ։

1․ Մեր հասարակության մեջ առկա է խորը թյուրըմբռնում՝ 1994 թվականի գարնանն ու ամռանը ռազմաճակատում ու երկրում առկա իրավիճակի մասին։ Ընդունված է համարել, որ 1994 թվականին մենք ջախջախիչ պարտության ենք մատնել Ադրբեջանին ու ստորագրված փաստաթուղթն էլ կապիտուլյացիային հավասար մի բան էր։ Դա, մեղմ՝ շատ մեղմ ասած, այդքան էլ այդպես չէ։

Նախ, 1994 թվականի մայիսի 12-ին մենք ստորագրել ենք զինադադարի համաձայնագիր։ Ավելին ասեմ, այդպիսի զինադադարների համաձայնագրեր մինչև այդ կնքվել էին տասնյակ անգամներ, պարզապես այդ մեկը ավելի երկար տևեց՝ շուրջ 20 տարի։

Երկրորդ՝ թեև Ադրբեջանում իրոք ծանր իրադրություն էր, իսկ նրանց ԶՈւ-ն բավականին դեմորալիզացված էին, բայց առնվազն լուրջ հիմքեր չկան պնդել, որ Ադրբեջանը կազմաքանդված էր ու կորցրել էր դիմադրողականությունը։ Ավելին՝ 1993-ի վերջին ու մինչև զինադադարը Ադրբեջանը ձեռնարկել է մի քանի խոշորամասշտաբ հարձակողական գործողություն։ Ըստ էության, պատերզմի վերջին 6 ամիսը հայկական կողմը ուժերի գերլարումով փորձում էր կասեցնել դրանք։ Հիշեցնեմ, որ այդ ամիսներին եղել են դրվագներ, երբ մենք կիլոմետրերով նահանջել ենք (Օմարի լեռնանցք, Հորադիզի շրջակայք) ու տվել ենք հարյուրավոր զոհեր։

Երրորդ՝ 1994 թվականին Ադրբեջանի վիճակից ոչ ավելի լավ վիճակ էր ՀՀ-ում։ Տարիներ տևող ծանր տնտեսական կացությունը, շրջափակումն ու վատ քաղաքական իրավիճակը զգացնել տալիս էին։ Ավելի տարիքովները կհիշեն, որ այդ օրերին հայ հասարակությունը, մեղմ ասած, շատ հեռու էր հաղթանակող պետության հոգեվիճակից։ Իրավիճակը բնավ խանդավառ չէր, մանավանդ, որ Արցախից ամեն շաբաթ տասնյակ դագաղներ էին գալիս։ Ու եկեք ռազմահայրենասիրական պաթոսի մեջ չմոռանանք, որ զինկոմիսարիատների մոտ կամավորների հերթեր չկային, այդ ժամանակ արդեն եռամսյա հավաքներն էին գործում ու մարդկանց տրանսպորտի միջից բռնում ու ճամփում էին ֆռոնտ։

Այս ամենի հանրագումարը այն էր, որ ստեղծվել էր պատային իրավիճակ, երբ ադրբեջանական կողմը ի զորու չէր բեկում մտցնել շփման գծի առկա կոնֆիգուրացիայում, իսկ հայկական կողմը մի կերպ էր կարողանում եղած ուժերով գոնե պահպանել առկա կոնֆիգուրացիան, ինչը զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ պատերազմի ամենաէսկալացված փուլին մեր ողջ զինած ուժերի թվակազմը, ամենահամեստ հաշվարկներով մի 5 անգամ զիջում էր այսօրվա թվակազմին, որով մի կերպ ենք կարողանում վերահսկել շփման գծի ողջ երկարությունը։ Արդյունքում՝ երկու կողմերն էլ խիստ հոգնել էին պատերազմից ու դադարի կենսական կարիք ունեին, ինչն էլ արվեց։ Կրկնում եմ՝ չի եղել կապիտուլյացիա, չի եղել խաղաղության պայմանագիր, եղել է զուտ զինադադար, որը կնքվել է մեզ համար շահեկան մարտավարական պայմաններով, սրանից ոչ ավել, ոչ էլ պակաս։

2․ Նախորդ կետում նկարագրածս իրողությունները նշանակում եմ ու կներեք կրկվելու համար՝ Ադրբեջանի կապիտուլյացիա չի եղել, անգամ մոտ չենք եղել դրան։ Մեր կապիտուլյացիա էլ չի եղել ու դրան էլ մոտ չենք եղել։ Ուստի, սկսել են բանակցել։ Երբ կողմերից մեկը մյուսին չի կարող կապիտուլյացիայի ենթարկել, բանակցում են կոմպրոմիսսի՝ փոխզիջման շուրջ, ինչն էլ արվում է առ այսօր։ Դրա համար՝ անազնիվ են եղել գրեթե բոլոր ընդդիմությունների քննադատությունները այն արցի շուրջ, թե ինչպես են ՀՀ ղեկավարները համարձակվել բանակցել տարածքների հանձնման շուրջ։ Բա ինչի՞ շուրջ պետք է բանակցեին, եթե Ադրբեջանը կապիտուլյացիայի չէր մատնվել։ Մյուս կողմից, ՀՀ ղեկավարներից մեկը հենց փորձեց գործուն քայլեր ձեռնարկել տարածքներ հանձնելու շուրջ, նրան տապալեց իր իսկ թիմի ուժային թևը, իսկ դրա անդամներ հանդիսացող Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը 20 տարի շարունակեցին բանակցել, բայց բանակցությունների արդյունքում անգամ 1 սմ հող չզիջեցին (չարաբաստիկ 800 հեկտարը բանակցային պրոցեսսով չենք կորցրել)։

Բանակցային պրոցեսսը 1994 թվականից ի վեր հիմնականում տարածքների վերադարձի ու Արցախի կարգավիճակի շուրջ էին։ Իրավիճակը փոխվեց միայն Ապրիլյան պատերազմից հետո, երբ դրան հաջորդած Ժնևի, Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումների արդյունքում առաջին պլան մղվեցին Վստահության ու Վերահսկողությն մեխանիզմները։ Դիվանագիտական բարդ լեզուն թարգմանելով՝ այդ հանդիպումների արդյունքը հետևյալն էր․ մինչև շփման գծում խաղաղություն չլինի, իրավիճակի հուսալի վերահսկող մեխանիզմներ չլինեն ու արդյուքում չձևավորվի վստահության մթնոլորտ հայկական կողմերի և Ադրբեջանի միջև, չի կարող լինի որևէ կոնստրուկտիվ բանակցություն տարածքների ու կարգավիճակի մասին։ Ու հենց սա եմ ես անվանում բանակցային պրոցեսսի հայանպաստ կետեր։

3․ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալու առաջին վայրկյանից էլ անհասկանալի էր, թե ինչ քաղաքական կուրս էր նա վարելու։ Պարզվեց, որ ինչպես մյուս ոլորտներում, այնպես էլ Արցախի հարցում Նիկոլը որդեգրեց իրեն հատուկ դիլետանտական-պոպուլիստականն արկածախնդրության կուրսը։ Սկզբում հայտարարվեց, որ Արցախին պետք է վերադարձնել բանակցությունների սեղան, հետո եղան Ալիևի հետ ինտիմ շփումները վերելակում, որոնց արդյունքում լարվածությունը հարաբերականորեն նվազեց, բայց փոխարենը Ադրբեջանը կարողացավ բարով-խերով ամրացնել ապրիլ-մայիս ամիսների Նախիջևանի հատվածում մինչև 11000 հեկտար առաջխաղացման արդյունքում զբաղեցրած նոր դիրքերը, իսկ ՄԽ հայտարարություններից աստիճանաբար անհետացան Վիեննայի, Ժնևի ու Սանկտ Պետերբուրգի մասին բոլոր հիշատակումները։ Կուլմինացիոն կետն էլ երեկ էր, երբ ՄԽ համանախագահները ազդարարեցին, որ

ա․ Արցախը չի միանալու բանակցություններին
բ․ վստահության ու վերահսկողության մեխանիզմները էլ ակտուալ չեն
գ․ կրկին բանացելու ենք հողեր հանձնելու և Արցախի կարգավիճակի շուրջ։

Շարունակելի․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել